Կիեւը դադարեցրել է Մինսկի հետ բոլոր շփումները
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբը հայտարարել է պաշտոնական Մինսկի հետ Կիեւի շփումների դադարեցման մասին։ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ բելառուսական կողմի հետ մեր բոլոր շփումները սառեցված են, դադար է տրված»,- ասել է ուկրաինական դիվանագիտության ղեկավարը, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան նման քայլի է դիմել՝ արձագանքելով Բելառուսում խաղաղ ցուցարարների սպանություններին։ «Մենք միացել ենք Բելառուսի հանդեպ ԵՄ դիրքորոշմանը»,- հավելել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ շփումներ չի ունեցել օգոստոսի 9-ի ընտրություններից հետո։ «Նախագահների միջեւ հիմա շփումներ չկան եւ չեն նախատեսվում»,- նշել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքով՝ Զելենսկին Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ շփվել է դեռեւս մինչ Բելառուսի նախագահական ընտրությունները։