Forbes-ը հրապարակել է ՌԴ ամենահարուստ ընտանիքների ամենամյա վարկանշային ցուցակը․ $1,7 մլրդ կարողությամբ 8-րդ հորիզոնականում Սարկիսով եղբայրներն են
Հեղինակավոր Forbes հանդեսի ռուսական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ամենամյա վարկանշային ցուցակը, որում վեց տարվա մեջ առաջին անգամ փոխվել է առաջատարը, իսկ 8-րդ հորիզոնականում հայտնվել են հայազգի Սարկիսով եղբայրները։
Հայազգի գործարարներ, «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերության ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ընդհանուր կարողությունը պարբերականը գնահատել է 1,7 մլրդ դոլար։
Պարբերականը մանրամասնում է, որ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների հիմնական կարողությունը գոյանում է «ՌԵՍՕ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունից, որը Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկն է։ Նրանց է պատկանում ընկերության բաժնետոմսերի 60,6 տոկոսը, ևս 36,7 տոկոսը պատկանում է ֆրանսիական AXA ապահովագրական և ներդրումային խմբին։
Forbes-ի հաղորդմամբ՝ Սարկիսով եղբայրներն ունեն բազմաթիվ արտասահմանյան անշարժ գույք՝ 115 հա հողատարածք Մոնակոյում, երեք տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն: Սերգեյ Սարկիսովի ավագ որդին՝ Նիկոլայ Սարկիսովը, ռեժիսոր է, որին հոր հետ միասին պատկանում է ԱՄՆ-ում գործող Blitz Production պրոդյուսերական ընկերությունը, որն արդեն 8 ֆիլմ է թողարկել:
Երկրի ամենահարուստ ընտանիքների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Ռոտենբերգների ընտանիքը։ Նրանք Forbes-ի վարկանշային ցուցակում առաջին տեղն են զբաղեցրել նաև 2014 թվականին: Ինչպես նշում է պարբերականը, անցած տարվա ընթացքում Ռոտենբերգների կարողությունն ավելացել է 270 միլիոն դոլարով՝ հասնելով 5,45 միլիարդ դոլարի: Նշվում է, որ դրան հիմնականում նպաստել է «Գազպրոմին» «Ստրոյգազմոնտաժ» ընկերության վաճառքը։
Ցուցակի երկրորդ տեղում առաջին անգամ հայտնվել է Գուրևների ընտանիքը, որին պատկանում է «Ֆոսագրո» (Фосагро) պարարտանյութ արտադրող ընկերությունը: Նրանց ընդհանուր կարողությունը Forbes-ը գնահատում է 5,1 մլրդ դոլար։
Գուցերիևների ընտանիքը, որը վերջին հինգ տարում գլխավորել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը, 2020-ին տեղափոխվել է վարկանշային ցուցակի երրորդ հորիզոնական: Նրանց կարողությունը կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով կրճատվել է 2,45 մլրդ դոլարով՝ հասնելով 3,2 մլրդ դոլարի։
Ամենահարուստ ընտանիքների տասնյակում են հայտնվել նաև Շայմիևները («Տատավտոդոր»), Եվտուշենկովները («Սիստեմա» ներդրումային ընկերություն), Բաժաևները («Ալյանս խումբ»), Ռահիմկուլովները (Kafijat), այլք։
Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանշային ցուցակում հայտնվում են միայն այն գործարարները, որոնք իրենց կարողությունը վաստակում են մասնավոր կարգով՝ չլինելով պետական ծառայողներ: Վարկանիշում ընդգրկվելու ստորին նշաձողը 1,1 մլրդ դոլարն է: