Արցախի «Արդարություն» կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնում կրթական ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը ներկայացնելուց կարճ ժամանակ անց մասնագետների շրջանում սկսվեցին բուռն քննարկումներ:
Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը բազմաթիվ նամակներ է ստանում հասարակության լայն շրջանակներից, ծնողներից, որոնց խիստ անհանգստացնում է մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը:
Հաշվի առնելով նախագծում տեղ գտած բազմաթիվ իրարամերժ բովանդակային փոփոխությունները՝ Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը իր խորը մտահոգությունն է հայտնում այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ:
Կուսակցությունը գտնում է, որ կասկածելի, գիտականորեն չհիմնավորված ծրագրերի ներդրումը խիստ վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից, քանզի երեխաների հետ տարված նույնիսկ կարճաժամկետ աշխատանքը բավարար է լինելու հային ոչ հարիր գաղափարախոսության հիմքը դնելու համար։ Զարմանալի է, որ առ այսօր Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, ինչի պատճառով բազմաթիվ հարցեր են բարձրանում․
1. արդյո՞ք Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարությունը մասնակցություն ունի քննարկվող չափորոշիչների մշակման գործընթացին,
2. արդյո՞ք հայտնել է որևէ դիրքորոշում,
3. արդյո՞ք սովորույթի համաձայն Արցախը որպես ի գիտություն ընդունելու և կիրառելու է դրանք, եթե նույնիսկ ի հակառակ հանրային փաստարկված դժգոհությունների, ռեֆորմն Հայաստանի Հանրապետությունում իրականացվի:
Ելնելով վերոգրյալից Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը, մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը, ԿԳՄ նախարարից պահանջում հանդիպում – քննարկում կուսակցության կրթական մասնագիտական խմբի հետ: