ՀՎԿ–ի համար սեղանն անշարժ գույք է, տպիչը` շարժական. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, հայտարարագրի անշարժ և շարժական գույք բաժնում նշել է միայն կուսակցության ունեցած կահույքն ու էլեկտրոնային տեխնիկան: Սակայն հիմնականում, անշարժ և շարժական գույք տողի դիմաց նշվում են հայտարարագիր ներկայացնողի բնակարան, շենք–շինություն, հողամաս և կամ ավտոմեքենա ունենալու մասին տեղեկություններ:
«Հայկական վերածնունդը» հայտարարագրել է 100 հատ սեղան, 400 հատ աթոռ, 70 հատ պահարան, 80 հատ համակարգիչ, 50 հատ հեռախոս, 25 հատ բազմոց և 10 հատ հեռուստացույց: Նշված գույքը գտնվում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Որպես շարժական գույք է հայտարարագրված 10 հատ փափուկ կահույք, 10 հատ գրապահոց և 20 հատ տպիչ: Սրանց դիմաց էլ որպես մակնիշ և սերիա է նշված Աբովյան 43:
Հատկանշական է, որ« Հայկական վերածննդի» համար գրապահոցն ու տպիչը շարժական գույք են, իսկ սեղանը, աթոռը, համակարգիչը և վերևում թվարկված մնացած գույքը` անշարժ: Թե ի՞նչ տրամաբանությամբ է կուսակցությունը որոշել այս գույքի անշարժ կամ շարժական լինելը` դժվար է հասկանալ ու տրամաբանություն գտնել դրանում: Ամեն դեպքում, իրենք երևի ավելի լավ գիտեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: