Ռուսաստանում բնակելի շենքի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հետաքննություն է ընթանում երկու գործարարի սպանության առնչությամբ, որոնց մարմինները հայտնաբերվել են օրերս բազմահարկ շենքի վերելակում: Այդ մասին հայտնում է dni24.com-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ անհայտ անձանց զոհ են դարձել Հայաստանի քաղաքացիներ, որոնք զբաղվել են Մոսկվայից Կուբան մեծածախ ապրանքների մատակարարումներով:
Ոտիկանությունն ահազանգը ստացել է շենքի բնակիչներից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով մարմիններ: Նրանցից մեկը եղել է 1966 թվականին ծնված տղամարդ, որը բնակվում էր այդ շենքում: Նրա ուղեկիցը եղել է ավելի երիտասարդ, սակայն նրա ինքնությունը դեռևս չի պարզվել:
Մահացածին ճանաչող մարդկանց հարցաքննությունից պարզվել է, որ իր մահվան նախօրեին տղամարդը խոշոր չափի գումար էր ստացել և պատրաստվում էր մեկնել ապրանքի նոր չափաբաժնի հետևից:
Սպանության առնչությամբ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն: