Սիրում էր ընկերներով հավաքվել, միշտ թամադայի կարգավիճակում էր. Արմեն Էլբակյանը՝ Գևոյի մասին (տեսանյութ)
Armdaily.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել ենք, մահացել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Գևորգ Դոդոզյանը՝ Գևոն։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ դերասանի ինքնազգացողությունը վատացել է գիշերը, տեղափոխել են հիվանդանոց։ Մահվան պատճառը թոքերի ասթման է եղել։ Գևորգ Դոդոզյանը 61 տարեկան էր։
ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Դոդոզյանը շատ պլաստիկ դերասան էր.«Բոլոր այն տաղանդները, որոնք դերասանին անհրաժեշտ են, Աստված իրեն տվել էր։ Պլաստիկա ուներ, շատ արտահայտիչ մարմին, կարողանում էր մեծից մինչև փոքր բոլոր դերերն այնպիսի նրբությամբ և ճկունությամբ խաղալ, որ ուղղակի վարակում էր հանդիսատեսին, որ վերջիններս գնան այն մտքի հետևից, որն ինքը ցանկանում էր փոխանցել»։
Էլբակյանը նշեց, որ Գևորգ Դոդոզյանը եղել է իր ուսանողը.«Նա շատ բարի ու ազնիվ տղա էր, լավ դերասան։ Եվ այսօր անժամանակ հեռացավ մեզանից։ Դոդոզյանը շատ դերեր է խաղացել։ Իմ բեմադրմամբ խաղացել է «Արտուրո Ուիի կարիերան», որտեղ նա գլխավոր հերոսին էր մարմնավորում։ Շատ նուրբ էր խաղում այդ դերը՝ ճկուն դերասանի վարպետությամբ, «Հարսնացուն հյուսիսից», «Մեծապատիվ մուրացկանները», բոլոր դերերում էլ նա հիանալի էր ներկայանում»։
Նկատառմանը, որ Դոդոզյանը հայտնի էր նաև իր հումորային սկետչերով, արդյոք իրական կյանքում նա նույնպես ուրախ, հումորասեր մարդ էր, և սիրում էր իրական կյանքում էր իր սկետչերի նման ընկերներ հետ հավաքվել, ուտել-խմել, Էլբակյանն ասաց.«Գևորգն ընկերասեր էր շատ, իրական կյանքում էր շատ սրամիտ էր, իր հետ նույն շրջապատում լինելը շատ հաճելի էր։ Սիրում էր ընկերներով հավաքվել, միշտ թամադայի կարգավիճակում էր»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում