Քրեական գործ է հարուցվել Դավիթ Տոնոյանի դեմ՝ Ցոլակ Խաչատրյանի կողմից հաղորդման հիման վրա
Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով ( Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը )։ Դավիթ Տոնոյանը գործով դեռևս չունի կարգավիճակ, իսկ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ցոլակ Խաչատրյանն ասաց, որ ինքը իր ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ նախարար Տոնոյանը չի կատարել դատարանի՝ ուժի մեջ մտած ակտը․ «Դատական ակտը վերաբերում է Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցմանը և դրա վրա հաշվարկվող տուգանքների վճարմանը, որը կազմում է շուրջ 14 մլն դրամ»,-ասաց նա ու հավելեց․
«Ինձ զանգել են ՊՆ-ից և հաշվեհամար են ուզել, որպեսզի գումարը փոխանցեն, մինչդեռ դատարանի վճիռը եղել է 2020 թվականի հունվարի 22-ից, այսինքն՝ ՊՆ-ն շուրջ 5 ամիս անց է որոշել կատարել այն»,-ասաց Խաչատրյանը։