Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, ով բաց նամակով դիմել էր նախագահին՝ իր մտահոգությունները հայտնելով Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ:

Մինչ բուն թեմային անցնելը նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին՝ կրկին կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները: «Ինձ պարտավորված եմ զգում օգտագործել այս առիթը և ևս մեկ անգամ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորության բոլոր կանոները։ Չեմ ուզում, որ մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է,-ասել է նախագահը: -Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել։ Ուզում եմ այս առիթն օգտագործել նաև իմ ցավակցությունը հայտնել նրանց։ Անպայման պետք է շատ ուշադիր, շատ սկզբունքային ու կարգապահ լինենք, անենք մեզնից պահանջվող ամեն ինչ և ավելին»:

Նախագահն իր շնորհակալական խոսքն է ուղղել նաև բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար. «Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»։

Ծանոթանալով Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ տիկին Բախշյանի մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ նշել է, որ ինքը ևս մտահոգություններ ունի:

Անդրադառնալով իր կողմից կոնվենցիան ստորագրել-չստորագրելու հարցին՝ նախագահը ներկայացրել է իրավական գործընթացը՝ նշելով, որ Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո Հանրապետության նախագահը ստանում է ոչ թե կոնվենցիան, այլ կոնվենցիայի վավերացման մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը և ունի խիստ սահմանափակ իրավասություններ. առաջինը՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե համարում, որ Սահմանադրության հետ կա հակասություն։ Սակայն, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ հայտնել է, որ հակասություն չկա, նախագահին մնում է երկրորդ տարբերակը՝ ստորագրել։ Նախագահի կողմից չստորագրելու դեպքում, այն մի քանի օրվա ընթացքում ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից և մտնում ուժի մեջ:

«Կոնվենցիային կարող եք նայել որպես միջազգային օրենք կամ սկզբունքների հայտարարագիր։ Սակայն այն ստորագրած 47 երկրներից յուրաքանչյուրը կոնվենցիան ընդունելիս որոշ կետեր բացառելու իրավունք ունի։ Մեր դեպքում մեր Ազգային ժողովը չի բացառել որոշակի կետեր, հետևաբար՝ կոնվենցիան այնպիսին է, ինչպիսին որ կա։ Կոնվենցիան ընդունելուց հետո, ցանկացած երկիր այն ընդունում է որպես սկզբունք։ Սակայն սկզբունքից մինչև կիրառում հսկա ճանապարհ կա,-պարզաբանել է նախագահը: -Ինձ հետարքրում է, թե սրանից 10 ամիս, 10 տարի հետո ի՞նչ է լինելու։ Կիսում եմ բոլորի անհանգստությունը։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մենք ունենալու ենք, ինչպես նախկինում, որոշ դեպքերում, այսպես ասած զգացական արտահայտություններ, կոչեր և մի քանի օր հետո մոռանալու ենք՝ առանց հետագա քայլերի վերաբերյալ քննարկումների։ Սա իսկապես մեր ողջ ժողովրդի ուշադրության կարիքն ունի։ Խոսքը վերաբերում է մեր երեխաներին, նրանց առողջությանը, պաշտպանությանը, կրթությանը։ Ես ոչ միայն կիսում եմ Ձեր անհանգստությունը, այլ կարող եմ ասել, որ իմ անհանգստությունն ավելի մեծ է»։

Նախագահը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիայի կիրառության տարբեր ձևեր են ընտրում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ձևով մեկնաբանել սկզբուքները և իր ձևով կիրառել։ Կան երկրներ, որոնք փորձնական կիրառում են մի քանի դպրոցում, կան երկրներ, որոնք այդ գործընթացներում ներգրավում են ծնողներին, կան երկրներ, որոնք կրթությունն սկսում են տարբեր տարիքից:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ինչքան էլ համամարդկային սկզբունքները նույնն են, գոյություն ունեն ազգային, մշակութային առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր երկիր հաշվի է առանում կոնվենցիան կիրառելու ընթացքում:

Կոնվենցիայի վավերացումը նախագահը համարել է միայն գործընթացի սկիզբը, որին պետք է հաջորդեն հանրային քննարկումներ՝ անհրաժեշտ օրենքների ընդունման հետ կապված, և այդ օրենքները, հաշվի առնելով մեր ազգային արժեքները, պետք է սահմանեն անհրաժեշտ կարգավորումներ՝ տալով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

«Կան սկզբունքային մի քանի հարցեր: Նախ և առաջ այն հարցերը, որոնք վերաբերում են բռնությանը, դրա վերացմանը,-ասել է Հանրապետության նախագահը: -Դա զգայուն խնդիր է: Մեր մշակույթն այնպիսին է, որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են թաքցնել: Բայց նույնիսկ, եթե չեն թաքցնում, եթե երեխան բռնության է ենթարկվել, որը մեծ դժբախտություն է, ապա շատ զգույշ պետք է լինենք ամբողջ ընթացքում: Եթե այդ բռնության արդյունքում որոշակի իրավական գործընթաց է սկսվում, պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանվեն, որ երեխային հավելյալ սթրեսի չենթարկեն: Հետևաբար, բռնությունը բացառելուց զատ, պետք են օրենքներ, կանոններ, մեխանիզմներ, որ երեխան չվերապրի այդ ամենը: Ուրեմն, բռնության հետ կապված էլ հսկայական խնդիրներ ունենք, որ դեռ պետք է լուծենք»:

 

Նախագահն առանձնացրել է կրթության ոլորտի այն կարևոր սկզբունքները, որոնք պետք է սահմանվեն ապագայում. «Առաջինը՝ ո՞վ է դասավանդում: Գաղտնիք չէ, որ երբեմն նույն ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկաներ: Ուսուցիչը պետք է ներկայացնի հենց այն արժեքները, որ մենք ուզում ենք, որ ներկայացվեն: Եթե ուսուցիչն այդ արժեքները չի ներկայացնում, ապա ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ:

Երկրորդ հարցը՝ ի՞նչ ենք դասավանդելու: Սա շատ էական է, ուստի մենք կարիք ունենք օրենքների, համապատասխան դասագրքերի, ծրագրերի, որպեսզի դասավանդող ուսուցիչներին ևս վերապատրաստեն: Դա մի օրում չի լինելու. դա հսկայական աշխատանք է: Հակառակ դեպքում, դու չես կարող թույլ տալ, որ որևէ մեկը, նույնիսկ ամենաբարձրակարգը, դպրոց մտնի, եթե որոշակի ստանդարտներ չկան:

Եվ, շատ էական է, թե ինչպես ենք դասավանդելու: Ընդ որում, այդ դասավանդումը շատ հաճախ պետք է անհատական լինի: Ուսուցման գործընթացը հսկայական աշխատանքի կարիք ունի: Շատ կարևոր է ծնողների դերը և նրանց կարծիքը: Կոնվենցիայում հստակ գրված է ծնողների դերի մասին, և ծնողներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Կան երկրներ, որոնք որոշել են, որ ուսուցման լավագույն ձևը ծնողների ներգրավմամբ է:

Եվ, վերջապես, կրթությունը պետք է լինի անհատական՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի, նրա ընտանիքի առանձնահատկությունները, քանի որ կարող ենք այդ երեխային և՛ վնասել, և՛ օգնել:

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ այս բոլորի մասին ո՛չ հանրային քննարկում ենք ունեցել, ո՛չ կոնկրետ առաջարկություններ են եղել, որոշ քաղաքական գործիչներ արտահայտել են դրական կարծիքներ, բայց այդ բոլորը պետք է համակարգվի, դառնա օրենք, ուսումնական ծրագիր»:

Վերոնշյալ կարևորագույն հարցերի պատասխանը տալու համար նախագահը կարևորել է հանրային քննարկումների իրականացումը ու շահագրգիռ բոլոր շրջանակների ու անհատների կողմից խնդրի նկատմամբ մշտական ուշադրությունը:

«Իմ ամբողջ անհանգստությունն այն է, որ մեր ամբողջ էներգիան չգնա միայն ձայնին, և այլևս էներգիա չմնա, որ երեխաներին կրթենք և պաշտպանենք, որ մշակենք անհրաժեշտ կարգավորումները,-նշել է նախագահը: -Եթե մարդիկ ասում են, որ որևէ այլ երկրում, որտեղ այս կոնվենցիան ընդունելու են, իրենց ազգային արժեքների վրա չեն հիմնելու, սխալվում են: Նախ և առաջ պետք է սահմանենք մեր ազգային, ընտանեկան արժեքները: Եվ հետո ասենք, շատ լավ, 21-րդ դարում այս արժեքներն ինչ-որ ձևով կփոփոխվեն, կվերաիմաստավորվեն: Մենք տարբերվում ենք այլ երկրներից»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է տիկին Բախշյանին, ինչպես նաև բոլոր անհատներին, կազմակերպություններին, որոնք անհանգիստ են, սկսել հանրային քննարկումից: «Իրական ճանապարհն այսօր այս խնդրի վերջը չէ: Մեր շատ հայրենակիցներ մտածում են, որ այսօր վերջն է, ստորագրվեց, և վերջ: Այսօր այս գործընթացի սկիզբն է՝ ցույց տալու, թե մեզանից ովքեր են իսկապես անհանգստացած մեր երեխաների կրթությամբ և նրանց պաշտպանությամբ,-ընդգծել է նա: -Ամեն մի օրենքի համար մենք պետք է պահանջենք, որ լինի հանրային քննարկում՝ բաց, մասնակցային, և այստեղ ես Ձեր համախոհն եմ: Անկախ նրանից ես նախագահ լինեմ, թե ոչ, ես Ձեր համախոհն եմ և հետևելու եմ: Ձեր, այսինքն՝ մեր ազգի համախոհն եմ: Որևէ մեկն իրավունք չունի թեթև վերաբերվելու այս գործընթացին: Մենք ունենք արժեքներ, որոնք ամեն գնով պետք է պահպանենք»: