ԱՄՆ-ն կարող է ԱՀԿ-ին այլընտրանքային կազմակերպություն ստեղծել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել, որ երկիրը կարող է Առողջապահական համաշխարհային կազմակերպությանը որպես այլընտրանք սեփական առողջապահական կազմակերպությունը ստեղծել: Ըստ պետքարտուղարի՝ այդ կազմակերպությունը կզբաղվի առողջապահական այն խնդիրների լուծմամբ, ինչում որ ԱՀԿն ձախողել է, գրում է Fox Business-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ լրագրողի՝ ԱՄՆ-ում ԱՀԿ-ի այլընտրանքային կազմակերպություն ստեղծելու հարցին ի պատասխան նշել է․ «Մենք գիտենք՝ ինչպես ղեկավարել միջազգային առողջապահական գործողությունները, ուստի՝ մեր նպատակն է ուղիներ փնտրել, որ կարողանանք ինչպես միշտ հազարավոր մարդկանց կյանքեր փրկող համաշխարհային առողջապահական քաղաքականության մեջ առաջնորդի դերում մնալ։ ԱՀԿ-ն չի իրականացրել իր առաքելությունը, եթե լավ չեն աշխատում, ապա մենք չենք պատրաստվում դրա կազմում մնալ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Թրամփը քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ կորոնավիրուսի համաճարակին, իր կարծիքով, համարժեք չարձագանքելու համար։