Միայն ապազգային գործիչները կարող են մտածել, թե Ադրբեջանը խաղաղության կգնա. Աղավնի Սահակյան
Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին հայտարարությունները դավաճանություն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմի մասնակից, ենթասպա Աղավնի Սահակյանը։
«Ազգը միշտ պետք է լինի զինվորի դերում, առավել եւս հիմա, այս պայմաններում բոլորս պետք է պատրաստ լինենք, որովհետեւ այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ չի կարելի սթափությունը կորցնել»,– նշեց նա։
Աղավնի Սահակյանը համոզված է՝ բոլոր նրանք, ովքեր խաղաղության կոչեր են անում, իրենց ժողովրդին խաղաղության պատրաստելու մասին հայտարարելու իրավունք են վերապահում, ամենաստոր, ամենավտանգավոր քայլին են գնում. «Նույնիսկ միշտ հաղթելու, խաղաղության համար մարդիկ պատրաստ են լինում պատերազմի, իսկ հիմա մարդիկ քարոզում են ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին։ Ոչ միայն զգոնության թուլացման հարց է, չի կարելի նման հայտարարություններ անել, դա նույնիսկ դավաճություն է, դու պետք է զինվորիդ, քաղաքացուդ ու գյուղացուդ զգոն պահես, քո հայրենիքը ամեն րոպե վտանգի տակ է։ Ի՞նչ խաղաղություն կամ ո՞ւմ հետ խաղաղություն»։
Ազատամարտիկի խոսքով՝ Ադրբեջանին ճանաչողը, մեր երկրի պատմությունն իմացողը չի կարող մտածել, թե Ադրբեջանն ինչ–որ ժամանակ կգնա խաղաղության։ «Միայն մեր ապազգային գործիչներն են պատրաստ գնալ Ադրբեջանի հետ «խաղաղության» կամ հող զիջել»,–եզրափակեց նա։