Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 18.01.2019 թ․ որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրվել է 21․ 01.2019 թ․ աշխատանքային օրվա ավարտին՝ պաշտպանների կողմից դատարանին լրացուցիչ գրություն ներկայացնելուց հետո:
Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
«Որոշումը թեև տրամադրվել է պաշտպաններին, սակայն մինչ այժմ անհասկանալի պատճառներով այն գործի նյութերի հետ միասին չի փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի հետևանքով դեռևս 18․01.2018 թ․ պաշտպանների կողմից այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը չի սկսվում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: