Վանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը
Երեկվանից Բագրատաշենի մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողները քիչ առաջ բացել են մաքսակետի մուտքն ու ելքը։ Մաքսակետ է այցելել եւ բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Մեր հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողներից Գայանե Այվազյանը հայտնեց, որ ճանապարհը բացել են Վանեցյանի հորդորով։
«Առավոտյան մեզ այցելեց պարոն Վանեցյանը, շատ շնորքով բացատրեցինք իրավիճակը, ասաց, որ այս անգամ թույլատրում են բեռները անցկացնել սահմանը, սակայն այլեւս չենք կարող մեր իմացած եղանակով իրականացնել այդ գործընթացը, քանի որ օրենքում փոփոխություններ են եղել»
Նշենք, որ ներմուծողները դժգոհում են, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլից, սակայն հայկական կողմը թույլ չի տվել 25 կգ–անոց բեռները ներմուծել։
«Մինչեւ ընտրությունները մենք փոստով բեռ էինք պատվիրում Թուրքիայից եւ գնում չեզոք երկրից՝ Վրաստանից վերցնում։ Հիմա ավտոբուսների վարորդները, ովքեր բեռները հասցրել ե տեղ՝ հետ են ուղարկել՝ ասելով այլեւս չեք կարող 25– կգ–ները փոստով բերել։ Երեկ մենք երկրորդ անգամ նույն բեռի համար հասել ենք մաքսակետ։ Մեզ ասում են, որ դուք պետք է անպայման ունենաք թուրքական վիզա, որ համոզվենք դուք սահմանն անցել եք եւ նոր ձեր բեռը ստանաք»,–ասաց Այվազյանը։
Նա նշեց, որ ներմուծողներից շատերը տեղյակ չեն եղել փոփոխությունից.
«Մենք ասում էինք՝ թույլ տվեք մեկ շաբաթ առաջ դուրս եկածներին գոնե անցկացնել բեռը, քանի որ նրանք տեղյակ չեն եղել։ ՊԵԿ–ի աշխատողները մեզ երեկ ասում էին, որ հնարավոր չէ։ Մենք էլ ասում ենք, եթե ուզում եք փողից կտրել ձեր ժողովրդին՝ խնդիր չկա։ Եթե մենք ուզենանք աշխատել, կգնանք կառավարություն՝ կպահանջենք, որ նախկինի պես լինի, հոգնել ենք օրերով այստեղ սպասելուց»,–ասաց նա։
Այվազյանը նշեց, որ այսուհետ կամ պետք է կարգոների միջոցով ավելի թանկ եղանակով ներմուծեն բեռը կամ չզբաղվեն այս գործով։
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար։