Մեր եւ նախորդ իշխանությունների նպատակները տարբեր են. փոխքաղաքապետը՝ գործողումների ծախսերն ավելացնելու մասին
Մեր եւ նախորդ քաղաքային իշխանությունների նպատակները տարբեր են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Երեւանի քաղաքի 2019-ի բյուջեով արտասահմանյան գործուղումների ծախսերը մոտ կրկնակի աճել են, ինչը եթե նախորդ իշխանություններն անեին, սուր քննադատության կարժանանային:
Փոխքաղաքապետը նշեց, որ դա աշխատակիցների շրջագայության բյուջե չէ, այն նախատեսված է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների քույր եւ ոչ քույր քաղաքներ այցելությունների համար եւ դրանց տակ դրված է հստակ ծրագիր:
«Որեւէ մեկն ինքնանպատակ չի գործուղվելու արտասահման: Մենք այդ միջոցներին վերաբերում ենք որպես սեփական եւ ես հաստատ որեւէ մեկին իմ գրպանից միջոց չեմ տա, որ գնա շրջագայի, հետո գա ասի՝ շնորհակալություն:
Այս բյուջեն չի նշանակում, որ ամբողջությամբ ծախսվելու է: Հաշվի առնելով քաղաքի նոր իշխանությունների գործոնը, հրավերքները տարբեր քաղաքներից շատ մեծ են: Այդ այցերը կազմակերպվելու են բացառապես դրամաշնորհային բանակցություններ իրականացնելու համար այլ քաղաքների հետ»,-ասաց նա:
Նշենք, որ Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից 2019-ին աճել է մինչեւ 112.7 մլն դրամի: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով: