Երկրի բնակիչներն առաջին անգամ լսել են Մարսի քամու ձայնը
NASA-ի Mars InSight ավտոմատ կայանը ձայնագրել եւ Երկիր է ուղարկել Մարսի քամու ձայնը: YouTube-ում NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի պաշտոնական ալիքում տեղադրված է բնօրինակ հնչյուններով տեսանյութը, հաղորդում է Lenta.Ru-ն:
Հետազոտական կայանում տեղադրված սեյսմոգրաֆը գրանցել է քամուց առաջացրած արեւային վահանակների տատանումները: Սկզբում ձայները մարդկային լսողության համար լսելի չէին, մասնագետները համոզվելու համար երկու օկտավայով բարձրացրել են հաճախականությունը:
Քամին գրանցվել եւ ձայանգրվել է նաեւ մեկ այլ սարքով՝ օդի ճնշման սենսորով:
Շուտով սեյսմոգրաֆը կտեղակայվի Կարմիր մոլորակի մակերեւույթին եւ կանցնի իր պարտականություններին՝ Մարսի ժամանակակից տեկտոնական ակտիվության մասին տեղեկատվություն հավաքելուն:
InSight (Interior Exploration using Seismic Investigations, Geodesy and Heat Transport) առաքելությունը նոյեմբերի 26-ին փափուկ վայրէջք էր կատարել Մարսի Էլիզի հարթավայրում: Ենթադրվում է, որ կայանը մեկ մարսյան տարուց մի փոքր ավելի կաշխատի կամ 728 երկրային օր:
Ստացված տվյալները հնարավորություն կտան պատասխանել Արեգակնային համակարգի մեջ մտնող մոլորակների՝ Մարսի, Մերկուրիի, Վեներայի, Երկրի, նաեւ էկզոմոլորակների ձեւավորման մասին հարցերին: