Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հրաժարվել է հայտնել, թե որտեղ է գտնվում Խաշոգջիի դին
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հրաժարվել է հայտնել իր թուրք գործընկերներին, թե որտեղ է գտնվում սպանված ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դին, հայտնում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրին։
Ավելի վաղ Ալ Մուաջիբը, որը Թուրքիա էր ժամանել Խաշոգջիի սպանության հետաքննության շրջանակներում, երկու անգամ բանակցություններ է վարել Ստամբուլի դատախազ Իրֆան Ֆիդանի հետ, որից հետո զննել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ սպանվել էր լրագրողը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բազմիցս կոչ է արել Սաուդյան Արաբիայի իշխանություններին բացահայտել Խաշոգջիի դիակի գտնվելու վայրը։ Թերթի աղբյուրների տվյալներով՝ Ալ Մուաջիբը հրաժարվել է թուրքական կողմին հայտնել ոչ միայն դիակի գտնվելու վայրը, այլ նաեւ Խաշոգջիին սպանողների օգնականի անունը, որը ապրում է Թուրքիայում եւ նրանց օգնել է հանցագործության հետքերը թաքցնելու հարցում։
«Ինչո՞ւ է Սաուդյան Արաբիայի դատախազը թուրք գործընկերներից թաքցրել դիակի գտնվելու վայրը։ Որովհետեւ, հնարավոր է, նա Թուրքիա է ժամանել ոչ թե սպանության գործը բացահայտելու, այլ թագաժառանգին փրկելու համար (Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին)»,–գրում է թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։