Լենա Նազարյանը քաղաքականությունը շփոթում է «կռիվ-կռիվ» խաղի հետ
Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ համաժողովրդական շարժման հաղթանակի 1-ին փուլը կայացած կարելի էր համարել, գրանցած արդյունքները քննարկելու նպատակով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունենում ՔՊ ներկայացուցիչ Լենա Նազարյանի հետ: Հարցին, թե այդ ինչպես եղավ, որ հանրապետական պատգամավորները քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, վերոհիշյալ Լենա Նազարյանը՝ գտնվելով էյֆորիայի պիկին, պատասխանում է, թե քաղաքացիները շրջափակել էին հանրապետական պատգամավորների տները, նրանց հանդեպ հոգեբանական բռնություն գործադրող պաստառներ էին տարել նրանց տների մոտ, նրանք ստիպված էին քվեարկել, քանզի այլընտրանք չունեին: Սվիտալսկին, մեղմ ասած, շոկի մեջ էր ընկել այս պատասխանից: Հետագա մի քանի ամիսների ընթացքում, մի ամբողջ թիմ ջանում էր փոքր-ինչ մեղմել քաղաքականությունը կռիվ-կռիվ խաղից չտարբերվող սույն տիկնոջ հայտարարությունները և Եվրոպային բացատրել, որ ամեն ինչ իսկապես ոչ բռնի բնույթ է կրել:
4 ամիս էլ չանցած Նազարյան Լենայի կռիվ-կռիվ խաղալը կրկին բռնել է: Մինչ իր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտի մյուս ուժերի հետ երկխոսության և բանակցությունների համար ճանապարհներ է բացում, «հեղափոխական» այս տիկինը այնպիսի սկանդալային հայտարարություններով է հանդես գալիս, որ կրկին մի ամբողջ թիմ պետք կգա նրան ուշքի բերելու համար: Մինչ Փաշինյանը փորձում է երկխոսության նստել խորհրդարանի ֆրակցիաների ղեկավարների հետ, նրա թիմի հավատարիմ այս անդամը, ում արժանացրեցին ԱԺ Ելք խմբակցության ղեկավարի պաշտոնին՝ չնայած իր քաղաքական ոչ կոմպետենտությանը, այդ նույն ժամանակ հայտարարում է, որ հապա թող փորձեն չխաղալ մեր կանոններով, մենք ժողովրդին կրկին կուղարկենք պատգամավորների տներ: Այս նույն ճանապարհով նա հոկտեմբերի 2-ի երեկոյան տապալել էր Փաշինյան-ԱԺ բանակցությունները:
Հիմա ինչպե՞ս բացատրել այս հարգելի տիկնոջը, որ ժողովուրդը քեզ համար «ռագատկայի քար» չէ, որ ուզած ժամանակ, ուզած ճանապարհով կրակես, և ինչպե՞ս բացատրել, որ նույն այդ պատգամավորների տներում, ինչպես իրավացիորեն մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից նշեց կին պատգամավորներից մեկը, բնակվում են նաև տարեց մարդիկ, և որ, ամենակարևորն է, անչափահաս երեխաներ: Թե՞ Լենա Նազարյանը երիցս թքած ունի երեխաների ապրումների վրա:
Իսկ վերջում տեղադրենք այս տեսանյութը քաղաքական հավկուրությամբ տառապող պատգամավորին հիշեցնելու համար, թե, ի վերջո, ինչ ներդրում ուներ ԲՀԿ առաջնորդը հեղափոխության գործում: