Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի օրակարգում կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է. առաջադրվել է երկու թեկնածու
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուներն են կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն:
Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթնաժողովը կկայանա Երևանում: Գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 7-ից, իսկ բուն գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում «Թումո» կենտրոնում բիզնես ֆորում կանցկացվի: