Փաշինյանը հայտարարել է Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին
Հայաստանը Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում մարդասիրական առաքելություն կանցկացնի: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո, հաղորդում է Sputnik Armenia-ն:
«Ես արդեն կարող եմ այդ մասին պաշտոնապես ասել: Ծրագրի հիմնական նպատակը Հալեպի հայկական համայնքին եւ Սիրիային օգնելն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունեցին այս համատեղ որոշումը, եւ Հայաստանի Պաշտպանության նախարարության մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո», - ասել է Փաշինյանը:Նա հավելել է, որ այդ մարդասիրական առաքելությունն անցկացվելու է Ռուսաստանի հետ համատեղ: Փաշինյանը հույս է հայտնել, որ գործընթացում կներգրավվեն միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ:
«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, հատկապես Հալեպում է այն մեծ: Մենք կարեւոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման եւ բժշկական օգնության տրամադրման մասին է», —բացատրել է Փաշինյանը:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ սա ամբողջությամբ հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր այն չի պարունակում: