Նորաստեղծ «Մուլտի գրուպ» վենչուրային հիմնադրամը կաջակցի ՏՏ-ստարտափներին
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստարտափ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանում ստեղծվել է «Մուլտի գրուպ» վենչուրային հիմնադրամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
«Ստարտափ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանում ստեղծվել է «Մուլտի գրուպ» վենչուրային հիմնադրամը՝ 1 մլն դոլար նախնական կապիտալով: Վերջին 3 ամսվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ՏՏ ոլորտի միջազգային կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների հետ՝ Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նպատակով: Ֆոնդի ստեղծման գաղափարը ներկայացրել ենք Տորոնտո, Լոս Անջելես և Նյու Յորք քաղաքներում և արժանացել դրական արձագանքի»,- ասաց նախարարը:
Աշոտ Հակոբյանը նաև հայտնեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աշխատանքներ է տանում՝ ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ նախարարությունը լրամշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել նաև ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելու օրենքի նախագիծը: