Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի 12 քաղաքական ուժ. ՀԺԱՄ-ն ինքնաբացարկ հայտնեց
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվեց 12 քաղաքական ուժ։ ՀԺԱՄ կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած արտահերթ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Լևոնյանի կողմից գրություն ստացվեց նիստի սկսվելուց րոպեներ առաջ։ Գրության մեջ նշված էր. «Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ չենք մասնակցելու ընտրություններին ու ներկայացնում ենք ինքնաբացարկ»,- ասաց Մուկուչյանը։
Նիստի ընթացքում հանձնաժողովը հաստատեց մյուս քաղաքական ուժերի ներկայացրած ընտրական ցուցակները, սակայն, որոշ վերապահումներով։ ԿԸՀ-ն մերժեց ավագանու այն թեկնածուների գրանցումը, որոնց ներկայացրած փաստաթղթերը թերի էին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց նաև քվեաթերթիկում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների հերթական համարները: Դրանք բաշխվեցին ըստ այբբենական կարգի: