Դատաբժշկի տված եզրակացությունը երևակայության ժանրից է
Անժելա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դատաբժշկական փորձաքննության անհիմն եզրակացության հետևանքով արդեն երկար ժամանակ կալանքի տակ է գտնվում Էդուարդ Բաբայանը, ով մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծեծի ենթարկելու մեջ։ Ըստ դատաբժշկական փորձաքննության կոտրվել է Հարությունովի կողոսկրը, որի հետևանքով ծակվել է թոքը, վերջինս ստացել է ուղեղի ցնցում, հյուսվածքների սալջարդներ, այլ կոտրվածքներ։ Մինչդեռ Հարությունովի պահվածքը ենթադրյալ դեպքից ընդամենը 2 օր հետո լրիվ այլ բանի մասին է վկայում։
Ո՞վ է եղել այն դատաբժիշկը և ի՞նչ միտում է ունեցել նման եզրակացություն տալով , որ Հարությունովի նման առողջ մարդուն դարձրել է անկողնային հիվանդ, մնում է հարցական։ Սակայն Հարությունովի դուրս գրվելուց անմիջապես հետո հրապարակվեց մի տեսանյութ, որում վերջինս բարձր ձայնով և ձեռքերի ակտիվ շարժումներով, ինչը անհնար էր ծակված թոքի կամ կոտրված կողոսկրի դեպքում, հերքում է մինչ այդ պրոմեդոլ դեղի ազդեցության տակ տված ցուցմունքը, ինչն էլ փաստում է, որ դատաբժշկի տված եզրակացությունը երևակայութան ժանրից է։ Հարկ ենք համարում նշել նաև, որ հրապարակված բոլոր տեսանյութերում Հարությունովի վրա ծեծկռտուքի հետքեր, կապտուկներ կամ նույնիսկ թեթև քերծվածքներ բացարձակապես չեն եղել, և թե ո՞րն է պատճառը, որ վերոնշալ բոլոր փաստերն ու Հարությունովի հերքումը դատարանին չի բավարարում, մնում է միայն գուշակել։
Ցանկանում եմ հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը այս դեպքի վրա, քանզի նման դատաբժիշկները ու փորձաքննությունն իրականացնող ողջ անձնակազմը, ինչպես նաև այն անձինք, ում հրահանգով տրվել է այդ եզրակացությունը, նոր իրողություններում ուղղակի տեղ չունեն և բոլորն անխտիր պետք է պատասխանատվության ենթարկվեն։