Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը ընտրվել է միասնական թիմի կողմից՝ միաձայն կերպով
Թեհմինե Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն ընտրեց Նաիրա Զոհրաբյանին՝ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար: ԲՀԿ-ն հսկայական կուսակցություն է, որն ունի հարյուր հազարից ավել անդամներ, հարյոր հազարավոր համակիրներ, և ստացել է մոտ կես միլիոն վստահության քվե վերջին համապետական ընտրությունների ժամանակ:
Բնականաբար նման մեծ կուսակցությունում կարող են լինել նաև անդամներ, ովքեր չեն կիսի Նաիրա Զոհրաբյանի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու լինելու ընտրությունը: Օրինակ երեկ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գևորգ Պետորսյանը գրել է, որ համաձայն չէ այդ որոշման հետ:
Սա նորմալ է, ԲՀԿ-ում միշտ եղել է բազմակարծություն և ներքին ժողովրդավարություն, և միշտ էլ կարող են լինել այլ կարծիքներ: Այստեղ կարևորը այն է, որ Զոհրաբյանի թեկնածության ընտրությունը եղել բաց և հրապարակային, կան դա փաստող տեսնայութեր համացանցում և յուրաքանչյուր ոք կարող է այդ տեսանյութը նայելով համոզվել դրանում: Նաիրա Զոհրաբյանը ընտրվել է ԲՀԿ քաղխորհդրի կողմից, որտեղ ներկայացված են պատգամավորներ, տարածքային կառույցների ղեկավար, Երևանի և մարզային կառույցների ղեկավարներ, և նրանք բոլորը միաձայն առաջադրել են Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Ի դեպ Գևորգ Պետրոսյանը չէր մասնակցել այդ նիստին:
Երկրորդ հանգամանքը, որին ցանկանում եմ ուշադրություն դարձնել, որոշ լրատվամիջոցների հորթի հրճվանքն է այս թեմայով: Նրանցից որոշները այնքան հեռու են գնացել, որ արդեն կանխագուշակում են ԲՀԿ-ի պառակտումը՝ սեփական վաղեմի երազանքները փորձելով ներկայացնել որպես իրականություն: Բնականաբար նման բան չկա և չի էլ կարող լինել: Եվ ընդհանրապես եզակի դրվագների վրա ընդհանուր եզրակացություն անելը ուղղակի ծիծաղելի է: ԲՀԿ-ն կուռ է և միասնական ինչպես երբևէ և հենց նման կուռ և միասնական թիմով է գնում Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին:
Ինչ վերաբերում է Գևորգ Պետրոսյանի կարծիքին, ապա տարբերվող կարծիքներ միշտ էլ կան և կլինեն բոլոր տեղերում: Կարևորը միաձայն ընդունված որոշումներն են, որի հետ ոմանք կարող են համաձայն չլինել, դա իրենց անձնական խնդիրն է:
Ինչևէ առջևում Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններն են, որոնք համապետական ընտրություններից հետո երկրորդ կարևոր ընտրություններն են Հայաստանի համար, և ԲՀԿ-ն այդ ընտրություններին ներկայանում է իր թեկնածուով, իր միասնական թիմով և կենսունակ ծրագրով, որը ներկայացվելու է երևանցիների դատին: