ԲՀԿ-ն ընտրությունների է գնում միասնական և ամուր թիմով՝ ի հեճուկս որոշ շրջանակների և նրանց սպասարկող զլմ-ների
Մարի Սերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին մի քանի օրերի ընթացքում տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց քաղաքապետի թեկնածուներին: Իհարկե քաղաքապետի թեկնածուների ընտրությունը միանշանակ չի ընդունվում բոլորի կողմից: Դա բնական երևույթ է, քանզի այս դեպքում, բացի մարդու պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելը, մենք առաջնորդվում ենք նաև մեր անձնական վերաբերմունքով տվյալ անձի նկատմամբ:
Երեկ այդպիսի մի դեպք եղավ նաև ԲՀԿ-ի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյանի շուրջ: Թեև նա ընտրվեց միաձայն ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, սակայն երեկ երեկոյան «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան գրառուման մեջ նշել էր, որ չի ընդունում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Կրկնում եմ սա նորմալ է, որ անձնական որոշակի նախապատվություններից ելնելով կուսակցության անդամներից մեկը կարող է չտեսնել մյուսին այս կամ այն պաշտոնում: Այստեղ առավել կարևորն այն է, որ այդ որոշումը եղել է ներկուսակցական կուռ համաձայնության արդյունքում:
Բայց դե մեզ մոտ նաև կարծես սովորական է դարձել, որ ամեն ինչին պարտադիր այլ երանգներ են հաղորդում: Իսկ այդ «սուրբ» գործը իրենց ուսերին են վերցրել մեր որոշ զլմ-ները, որոնք իրենց իրական պարտականությունները թողած սպասում են իրենց կարծիքով ինչ -որ հարմար առիթի, որ իրենց անհեթեթ վերլուծությունները, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն, ներկայացնեն ընթերցողին:
Նույնը եղավ նաև Գևորգ Պետրոսյանի գրառումից հետո: Մի մարդու անձնական կարծիքը լսելով՝ սույն զլմ-ները շտապեցին գրել, իբր երկպառակտություն կա կուսակցության ներսում և այլն:
Սակայն շտապենք հիասթափեցնել վերոնշյալ միտքը արտահայտողներին, մեկ մարդու անձնական կածիքը ուղղակի իր կարծիքն է և կապ չունի կուսակցության այլ անդամների դիրքորոշման հետ, որը միասնական է: Այդ մասին արդեն փաստել են ԲՀԿ քաղխորհրդի ներկայացուցիչների հրապարակային անդրադարձերը այս թեմային: Այնպես որ ԲՀԿ-ն ընտրությունների է գնում միասնական և ամուր թիմով՝ ի հեճուկս որոշ շրջանակների և նրանց սպասարկող զլմ-ների: