Ո՞ր մարմնի կցակառույցն է mamul.am-ը. Ոստիկանությա՞ն, ԱԱԾ-ի՞, թե՞ վերահսկողական ծառայություն է
Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքագիտական աքսիոմա կարելի է համարել այն միտքը, որ ազատ մամուլը ժողովրդավարության անկյունաքարն է: ԶԼՄ-ներում բազմակարծության կարևորությունը, քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելիս օբյեկտիվ, որակյալ ու էթիկական լրագրության նշանակությունը, ինչպես նաև իշխանությունների հաշվետվողականության ապահովման նրանց գործառույթը անփոխարինելի են և չկրկնվող:
ԶԼՄ-ներն են ձևավորում հասարակական կարծիք, և սա անշրջելի իրողություն է: Եվ երբ նույն ԶԼՄ-ները վերոնշյալ գործառույթը ծառայեցնում են հասարակությանը միտումնավոր նենգափոխված ինֆորմացիով սնելուն և թունավորելուն, «ամոթի պատ», այսինքն՝ սև ցուցակ ստեղծելու գաղափարը ավելի քան արդիական է դառնում:
Ամեն անգամ, երբ տեղի են ունենում մեծ քաղաքական կամ հասարակական փոփոխություններ, անմիջապես համացանցում ակտիվանում են որոշ կայքեր, որոնք փորձում են դրանից օգուտ քաղել՝ հայտնիություն ձեռք բերել կամ ապահովել լրացուցիչ այցելություններ: Նման կայքերի դեպքում մեծամասամբ դա արվում է պատվիրատուի և արդեն ձևավորված լսարանի միջև կամուրջ դառնալու համար: Այլ կերպ ասած՝ լրատվականը պատվեր է կատարում կոնկրետ անձանց հետ կապված:
Եվ այժմ, ինչ-որ դասական Չլրատվական իր վրա է վերցրել Մեսիայի դերակատարումը՝ պնդելով, որ Գագիկ Ծառուկյանը իր իսկ աշխատողներին շուկայականից բարձր արժեքով Նիվա մակնիշի մեքենաներ է գնել տվել: Պարզապես ասեմ, որ աշխատողներից ոչ ոք նման բողոքով կամ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել: Սակայն սույն Չլրատվականը դեռ մի բան էլ իրավաչափ և իրավարար գործառույթներ է իրեն վերագրել՝ հայտարարելով, թե ովքեր ենթարկվել են պարտադրանքների նամակ ուղարկեն իրենց խմբագրություն:
Ներեցեք, հարգելի mamul.am, դուք Ոստիկանության համապատասխան վարչությու՞նն եք, ԱԱԾ-ն՞, թե՞ որևէ մարմնի վերահսկողական ծառայությունը: Վերջիվերջո, առնվազն պետք է հայտարարել, թե ո՞ր մարմնի կցակառույցն է ձեր խմբագրությունը, որպեսզի քաղաքացիները իրեն նամակները վստահեն ձեզ:
Ոմանք այդպես էլ չկարողացան հասկանալ, որ լրագրողական մանիպուլյացիաներով ողողված իրենց հոդվածները գիտակից լսարանի վրա ազդելու նվազագույն շանսեր ունեն, քանզի նրանք պահպանել են բավականաչափ ինքնահարգանք՝ հարցերի տրամաբանական պատասխանները փնտրելու:
Գիտակից հասարակությանը պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ապավինում է հանրությանը ի շահ գործելու սկզբունքին: Անկախ քաղաքական մոտիվացիաներից բխող անվանարկության փորձերից, նա շարունակում է և կշարունակի իր ազգանպաստ գործունեությունը: