«Որտեղ հաց, այնտեղ կաց», կամ ուղղակի Հմայակ Հովհաննիսյան
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համացանցում կարելի է հանդիպել բազում վերլուծական մտքերի, սակայն կան օրինակներ, որոնք ուղղակի ապշեցնում են: Այսօր խոսքը հենց նրանցից մեկի մասին կգնա:
Ծանոթացե՛ք, Հմայակ Հովհաննիսյան՝ քաղաքագետ, կամ, ինչպես գրված է նրա ֆեյսբուքյան էջում, «Հայաստանի քաղաքագետների ասոցացիայի նախագահ», սակայն իրականում զուտ «թոշակի» անցած մեդիա-դեմք, որը երբեք բաց չի թողել ինքն իրեն «ՓԻԱՌ» անելու հնարավորությունը, և այդ «ՓԻԱՌ»-ի գույնը նրան ոչ մի անգամ չի հետաքրքրել:
Այս՝ վաղուց քաղաքական դիակ դարձած անձը, իր հարցազրույցում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին, շատ կրիտիկական և վարկաբեկիչ բաներ է ասել: Կարծես թե ոչ մի խնդիր՝ ամեն մեկը ունի իր կարծիքը և կարող է այն բարձրաձայնել: Սակայն, երբ բացասական կարծիք է հայտնում այն մարդը, որը 2012 թվականին աղաչում էր Ծառուկյանին, որպեսզի նրան ընդունեն ԱԺ ԲՀԿ-ի ցուցակներով, դա արդեն նույնքան կասկածելի է, ինչքան որ ծիծաղելի: Բացի այդ, երբ նրա ընտանիքի անդամը ուներ առողջական լուրջ խնդիրներ, հենց Գագիկ Ծառուկյանն է զբաղվել բուժման հարցերով: Ծագում է հարց՝ ընտանիքի անդամի առողջական խնդիրը լուծելու համար նույն Ծառուկյանին «պարտք» մնալու դեպքում, ինչու՞ է այս մարդը գնում այդքան ցածր և անարժան քայլի:
Պատճառը ավելի քան տրամաբանական է: Նախ՝ սկսենք նրանից, որ Հմայակ Հովհաննիսյանը 2 անգամ եղել է պատգամավոր, և, ուշադրություն, 2 անգամն էլ տարբեր (!) կուսակցությունների կողմից (1999-2003 թթ. և 2003-2007 թ.): Հիմա էլ եկել են հեղափոխության ժամանակները, ներքաղաքական կյանքը շատ ավելի բուռն է դարձել, և, ըստ դրա, «որտեղ հաց, այնտեղ կաց» Հմայակը որոշել է գունափոխվել, չաղանալ, և կատարել արդեն մեկ ուրիշ քաղաքական ճամբարի կողմից պատվեր, վարկաբեկելով ցանկացած անձի ցանկացած թեմայի շուրջ, նույնիսկ եթե այդ անձը այդ թեմայի հետ ընդհանրապես կապ չունի:
Հատկանշական է նաև այն, որ, ինչպես արդեն նշվել է, Հովհաննիսյանը քաղաքական դիակ է, և եթե 2000-2005 թվականներին նա ուներ որոշակի լսարան, ժամանակի ընթացքում անվերջ ստելով, քաղաքական ճամբարներ փոխելով և քամելիոնի պես իր «գույները» փոխելով նա դա էլ կորցրեց: Այսօր էլ նա ընկնում է սև «ՓԻԱՌ»-ի հետևից, քանզի նրան չի հետաքրքրում, թե ինչ կարծիքի են իր մասին, կարևորը, որ այդ կարծիքը շուտ-շուտ հնչի, հայտնի պահելով «Հմայակ Հովհաննիսյան» անուն ազգանունը: Մենք էլ հայտնի կպահենք. Ծանոթացեք՝ քաղաքական դիակ, քամելիոն, խաբեբա, ճամբարափոխ և ֆեյսբուքում Հայաստանի քաղաքագետների ասոցացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյան: