Վարդավառի օրը որոշ անձնաց ամենաթողությունը արդեն իսկ հարուցել է շատ քաղաքացիների դժգոհությունը
Պետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վարդավառի օրը մի տհաճ միջադեպ է գրանցվել Երևանում: Երիտասարդներից մեկը որոշել է, որ ինքը կարող է ջրել բոլորին, անկախ նրանից, թե ուր է գնում տվյալ մարդը, ինչ կարգավիճակում է և այլն: Աղջիկներից մեկին, որը շտապելիս է եղել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու համար, սույն երիտասարդը, չլսելով աղջկա խնդրանքները, որոշել է այնուամենայնիվ ջրել:
Այդ պահին մոտակայքում է եղել «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով լսելով աղջկա հորդորները և տեսնելով երիտասարդի համառությունը, երիտասարդին կոչ է արել չջրել աղջկան, ինչից հետո երիտասարդը, ով Վարդավառի տոնը ընկալել է որպես ամենաթողության տոն, սկսել է անվայել խոսքեր և հայհոյանքներ հնչեցնել: Արդյունքում դեպքին միջամտել են ոստիկանները, որից հետո միայն միջադեպը հարթվել է և ավարտվել:
Սակայն այսօր որոշ լրատվամիոջցներ և ֆեյսբուքյան հարթակներ որոշել են այդ միջադեպի տեսանյութը կրկին տարածել և տիրաժավորել՝ ամեն ինչ փորձելով ներկայացնել այլ լույսի ներքո: Իսկ տեսանյութը այնքան անորակ է և հատվածական, որ չի զգացվում անգամ, թե ովքեր են միջադեպի մասնակիցները և ինչումն է խնդիրը:
Թե որն է այս հարթակների նպատակը, պարզ կդառնա շուտով, սակայն նշենք, որ Վարդավառի օրը որոշ անձանց ամենաթողությունը, աջուձախ բոլորին ջրելու մոլուցքը արդեն իսկ հասցրել է հարուցել շատ քաղաքացիների զայրույթը և Նաիրա Զոհրաբյանի հետ կատարվածը հենց այդ օրինակներից մեկն է: