Մեծ հոպարի կարճ հիշողությունը
Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն, ինչը տեղի է ունեցել 2014 թվականին՝ ներկայացնենք մանրամասն։ Հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարվել էր 22 ամյա Վանուշ Ալեքսանյանը, ով դեպքի հետևանքով զրկվեց փայծախից։ Դեպքին ներկա գտնվողները հավաստիացնում էին, որ Սեդրակ Օսիպյանն է դանակահարողը, ով չբացահայտված հանցագործ լինելուց բացի, նաև նախկինում՝ Փոխոստիկանապետ, ներկայիս Ոստիկանապետ, Վալերի Օսիպյանի եղբորորդին է։
Նույն տարածքում բնակվող Սուսաննա Հովհաննիսյանը պնդում էր, թե Օսիպյանը իրեն առաջարկել է, որ իր տղան՝Սարգիս Հովհաննիսյանը, դանակահարության պատասխանատվությունը վերցնի իր վրա։ Սուսաննա Հովհաննիսյանը կտրականապես դեպ է եղել այս հանցավոր «գործարքին», ասելով․ «Քո ախպոր տղի խփած արունը, վերցնե՞մ, սարքեմ իմ երխին պիտակ»։ Այնուամենայնիվ, քրեական գործ չհարուցվեց՝ «վիձիծե լի», քրեական գործ հարուցելու հիմքերի բացակայության պատճառով։ Փայծախը կորցրած 22 ամյա տղան «սայթաքել» էր։ Պատմությունը «ջրեցին» գնաց՝ Օսիպյանի գլխավորությամբ։
Այդ ժամանակից շատ ջրեր են հոսել, իրավիճակ է փոխվել, այլևս «չի ճնշվում» դատական համակարգը, կոռուպցիա չկա։
Երեկ, Վալերի Օսիպյանը՝ արդեն Ոստիկանապետի պաշտոնում, հարցազրույցի ժամանակ հայտարարեց, թե չի հավատում, որ Հարությունովը կարող էր սայթաքելու հետևանքով նման վնասվածք ստանալ։ Այսինքն իրավիճակի փոփոխությունը ազդել է Ոստիկանապետի տրամաբանության վրա՞։ Ինչո՞ւ այդ նույն տրամաբանությամբ չէր շարժվում իր եղբորորդու կատարած հանցանքի քննության ժամանակ։
Եթե այս նոր տրամաբանությամբ են քննվելու գործերը,թող արդեն մոռացված այդ գործն էլ վերաբացեն, ու վերաքննեն։ Գուցե նոր մանրամասներ բացահայտվեն։
Ի՞նչ է անելու Օսիպյանը այդ ժամանակ։ Կառաջանա ևս մեկ հարց՝ Օսիպյանը կշարունակի՞ մնալ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնում։
«Դատարան ենք կանչում Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խղճին»։