Ճանաչենք ապատեղեկատվություն տարածող հարթակներին
Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարզպետների նշանակումից հետո կարծես որոշ ուժերի թիրախում են հայտնվել ԲՀԿ-ական որոշ մարզպետներ: Արդեն օրեր շարունակ որոշ լրատվամիջոցներ ուղղորդված կերպով փորձում են խնդիրներ առաջացնել Լոռու մարզպետի և փոխմարզպետի միջև: Սակայն, պարզվում է այս ամենը Լոռու մարզով չի սահմանափակվում և այս արշավից անմասն չէ նաև Սյունիքի մարզը:
Այսպես, օրեր առաջ ինչ-որ նորահայտ ֆեյսբուքյան էջ մի հերյուրանք էր տպագրել, ըստ որի Գագիկ Ծառուկյանը Աժ նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի հոր մահվան 1 տարելիցի արարողությանը մասնակցելու համար այցելել է Սյունիքի մարզ և այնտեղ իբր ընդգծված վատ վերաբերմունք է ցուցաբերել Սյունիքի նորանշանակ մարզպետ, համակուսակից Կարեն Համբարձումյանի նկատմամբ:
Հասկանալի է, որ Սյունիքի նորանշանակ մարզպետի նշանակումը շատերը դեռ չեն կարողանում մարսել, և բնական է, որ սոցցանցերում նմանատիպ հերյուրանքներ պետք է տարածվեին: Նյութի ակնհայտ կեղծ լինելը զգացվում էր հենց առաջին տողերից և սոցցանցային այս գրառմանը առանձնապես չէինք անդրադառնա, եթե հանկարծ չպարզվեր, որ լուրջ լրատվամիջոցի համբավ ունեցող կայքերից մեկը վերցրել է այս ակնհայտ սուտ նյութը և զետեղել իր էջում:
Ակնհայտ է, որ որոշ ուժեր մարդու հարազատի հիշատակի արարողությունը փորձել են ծառայեցնել իրենց նեղ անձնական և քաղաքական նպատակներին՝ հընթացս շահարկելով ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ Մերուժան Սիմոնյանի և նորանշանակ մարզպետի անունները:
Հասկանալի է նաև, որ սոցցանցային այդ էջերը և վերոնշյալ կայքը հանդիսանում են նույն շղթայի տարբեր օղակները և մեկը մյուսին երկրորդելով գրում են նույն բովանդակության սուտ նյութեր՝ փորձելով ստվերել Ծառուկյանին, Սյունիքի նորանշանակ մարզպետին և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին: Միանգամայն պարզ է նաև, թե որտեղից են փչում այս «քամիները» և ում ականջներն են երևում այս ամենի հետևում:
Անհրաժեշտության դեպքում կխոսենք նաև այդ ուժերի մասին, սակայն մինչ այդ կոչ ենք անում սյունեցիներին չտրվել սադրանքներին և չհավատալ նմանատիպ նյութերին, չհավատալ այս հարթակներին, որոնք տարածում են նման նյութեր և անձանց գնահատել ոչ թե նրանց մասին պատվերով գրված ստահոդ լուրերով, այլ նրանց արած գործով: