Ինչու՞ է որոշ «թայֆաբազների» համար սահմռկեցուցիչ այլոց անուներ տալը
Ասանետ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԱԾ վերջին խուզարկությունների ու բացահայտումների հետ կապված ֆեյsբուքյան որոշակի «թայֆաբազներ» ու իրենց հետ մեկտեղ նաև դաշտում դեռ չկողմնորոշված, «անտեր» մնացած կայքեր, փորձում են այս հարցում գուշակություններ անել ՝ «ով է լինելու հաջորդը» տրամաբանությամբ։
Մի քանի անունների ու հասցեատերերի թվում անհիմն կերպով շրջանառության մեջ են դնում նաև Գագիկ Ծառուկյանի անունը։ Հատկանշական է, որ դա արվում է ուղղորդված կերպով ու կրում է շարունակական բնույթ, իսկ ամենից վատն այն է, որ այս ամենը արվում է «հայրենիքի համար մտահոգվածների» դիմակի տակ։
Իհարկե հակակշիռ փաստարկներն անմիջապես զինաթափում են այս մտածածին արշավը, քանզի Ծառուկյանը բաց ճակատով հայտարարեց, որ իր հիմնարկությունների դռները ցանկացած պահի բաց են ստուգումների առաջ։ Ընդ որում՝ նա առաջինն էր, որ նման հայտարարություն արեց, ու կարծես թե դեռևս միակն է։
Հետևաբար Ծառուկյանի հիմնարկություններում ստուգումները ոչ նորություն են, ոչ էլ սպառնալիք։ Տարիներ ի վեր տարատեսակ ստուգումներ տեսած նրա հիմնարկություններում ոչ մի էական խախտում կամ օրենքի շրջանցման դեպք այդպես էլ չհայտնաբերվեց։
Եվ ի վերջո՝ հարկ չէինք համարի անդրադառնալ այս՝ իսկապես բախտագուշակների մակարդակում արված գրառումներին, եթե դրանք այսպիսի պարբերական բնույթ չկրեին՝ այն էլ հայրենասիրության լուսապսակը գլխներին առած մարտավարությամբ, որը զայրույթ է հարուցում: Բա եթե այդպես «վասն արդարության» եք մտահոգված, հարգելի՛ գրչակներ, ինչո՞ւ այդ նույն արդարության դիրքերից չեք նշում նաև անուններ, որոնք մեծ կշիռ են ունեցել մինչ այս իրավիճակային փոփոխությունները։Ովքեր ավելի շատ լծակներ են ունեցել մինչ այս, ու ովքեր ավելի լայն հնարավորություններ են ունեցել թե՛ օրենք շրջանցելու, թե՛ անստուգում ու անպատիժ մնալու։ Չեք հիշատակել, քանզի ձեր մղումները ազնիվ չեն և դա բնավ չի բխում ձեր շահերից։ Դրա համար է այդքան սահմռկեցուցիչ ձեր «տերերի» անունները հիշատակելը։
Հ․Գ․ Մենք հիմա բոլորովին նոր ժամանակներում ենք ապրում, ու դաշտում սխալ իմիտացիա ստեղծելն արդեն ժամանակավրեպ է։