Ուղղորդված լրատվամիջոցները լռում են տարիներ շարունակ ստուգումներից «ապահովագրված» անձանց մասին
Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշ ուղղորդված լրատվականներ, ֆեյսբուքսյան ստատուս գրողներ մի քանի օր շարունակ փորձում են կանխատեսել թե ովքեր են լինելու ԱԱԾ հաջորդ թիրախները:
Բոլորովին չէի անդրադառնա այս թեմային, եթե չնկատեի որ այդ ցանկում յուրաքանչյուր անգամ անհարկի ներառում են նաև Գագիկ Ծառուկյանի անունը, ինչը հուշում է, որ կա հստակ միտում:
Փորձենք վերլուծել թե որտեղ է թաքնված իրականում շան գլուխը. նախ՝ ամենասկզբից: Թավշյա հեղափոխությունից հետո Գագիկ Ծառուկյանը միակ հանրային գործիչն էր, ով անձամբ հայտարարեց, որ «իր դռները միշտ բաց են» ցանկացած ստուգումների համար և հայտարարեց, որ միշտ պատրաստ է և չի խուսափում ստուգումներից։
Բացի այդ Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային ծառայության հանձնված բոլոր ընկերությունները դեռևս 2015 թվականի հայտնի իրադարձություններից հետո ենթարկվեցին երկարատև ստուգումների։ Եթե ոմանք այդ մասին արդեն մոռացել են, Ծառույկյանին մոտ կանգնած մարդիկ շատ լավ հիշում են, թե ինչպիսի տոտալ ստուգումների շարք սկսվեցին և որի վերջում մինչև ՊԵԿ նախագահների մակարդակով հայտարարություններ եղան,առ այն, որ էական որևէ խախտումներ չեն հայտնաբերվել։
Ի դեպ, հետաքրքիր է, վերոնշյալ լրատվամիջոցները հիշու՞մ են արդյոք, որ Գագիկ Ծառուկյանը, բացի քաղաքական լուրջ դերակատարությունից, ունի նաև ծանրակշիռ տնտեսական դերակատարություն, ով միլիոնավոր դոլարների արտաքին ներդրումներ է ապահովել ՀՀ տնտեսությունում՝ միմիայն իր անձի և հեղինակության հաշվին: Եթե չեն հիշում, ապա պետք է հիշեցնել, որ բազմաթիվ խոշոր գործարարներ արտերկրից եկել և ներդրումներ են կատարել Հայաստանում, որպես պատճառ նշելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա անձի գործոնը: Լավ կլիներ, որ այս լրատվամիջոցները պրպտեին և, եթե կարող են, Հայաստանում ցույց տային ևս մեկ նման գործչի:
Այսքանից հետո ստուգողներին ուղղորդելու մոլուցքն արդեն ծիծաղ է առաջացնում։ Վերոնշյալ լրատվամիջոցների մոտ ստուգումների նկատմամբ այս նորահայտ սերը առավել ևս ծիծաղելի է, եթե հաշվի առնենք այն, որ նույն այդ լրատվամիջոցները, ովքեր մեկը մյուսին հերթ չտալով համապատասխան մարմիններին «ուղարկում են» Ծառուկյանի մոտ ստուգումների, շատ գիտակցված ու հրահանգված լռում են այն անձանց մասին, ովքեր տարիներ շարունակ չեն ենթարկվել որևէ ստուգման, որոնց՝ հանրությանը հայտնի ընկերություններում վերջին տարիներին ՊԵԿ-ի կամ ԱԱԾ-ի մուտքը եղել է ուղղակի արգելված, տաբու։ Այս անձանց մասին վերոնշյալ լրատվամիջոցները լռում են, բայց չգիտես ինչու մեկը մեկին հերթ չեն տալիս այլ անուն շահարկելու համար։
Իսկ գուցե նրանք վեցերորդ զգայարանով զգո՞ւմ են, որ ԱԱԾ-ի ու ՊԵկ-ի հաջորդ թիրախը հենց վերոնշյալ արտոնյալ անձինք են լինելու, ու արդեն խուճապից կորցրել են ինքնատիրապետումը ու չեն հասկանում, թե ինչ են անում։Հուսանք,որ այդպես է...