Տիկնա՛յք և Պարոնա՛յք, մի՛ մոռացեք, որ մի օր էլ ԱԱԾ-ն ձեր խմբագրություն կարող է այցելել...
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ մի շարք գործողություններ թեև սպասելի, բայց բավականին անակնկալ կերպով են զարգանում: Մասնավորապես ԱԱԾ բացահայտումների շարքը: Բնականաբար կա հստակ մարտավարություն կան թիրախներ, սակայն որոշ լրատվականներ, «վերլուծական կենտրոններ» օգտվելով ստեղծված իրավիճակից և այդ բացահայտումների վերաբերյալ հանրության դրական տրամադրվածության հանգամանքից, փորձում են ինչ-որ անուններ շահարկել և այդկերպ «ուղղորդել» ԱԱԾ գործողությունները:
Հստակ պատվեր թե հասարակ լրագրողական տգիտություն, մեծ հաշվով էական չէ, խնդիրը կայանում է նրանում, որ մի շարք անունների կողքին շահարկվում է նաև Գագիկ Ծառուկյանի անունը, ինչը միանգամայն անընդունելի է հետևյալ պատճառներով:
Նախ՝ Գագիկ Ծառուկյանը այն եզակի գործիչն է, ով իշխանափոխությունից հետո անձամբ հանդես եկավ հայտարարությամբ և ասեց, որ իր կողմից հավատարմագրային ծառայության հանձնված ձեռնարկություններում մշատպես եղել են ստուգումներ և այժմ էլ պատրաստ են նոր ստուգումների:
Ի գիտություն «սրտացավ» լրագրողների, ովքեր «օբյեկտիվության ջատագով» են փորձում ձևանալ, պետք է նշենք, որ 2015 թվականի հայտնի դեպքերից հետո, այնպիսի խորքային ստուգումներ անցկացվեցին, ինչպիսին նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցէ չէր եղել և որևէ էական խախտում չհայտնաբերվեց:
Երկրորդ՝ արդեն կառավարության կազմի հաստատումից հետո, ԲՀԿ-ական նորանշանակ նախարարներին Ծառուկյանն անձամբ հորդրորեց,որ իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումները սկսեն իրեն պատկանող ձեռնարկություններից:
Երրորդ՝ եթե այդ լրագրողներն իրապես «մտահոգ» են ստուգումներով, ապա նաև քաջատեղյակ են, որ կան ընկերություններ, որոնք երբևէ ստուգումների չեն ենթարկվել, սակայն չգիտես ինչու լրագրողների կողմից առաջարկվող հնարավոր թիրախների ցանկում այդ ընկերությունների սեփականատերերի անունները երբևիցե չես գտնի:
Կարծում եմ ընթերցողը ևս համակարծիք է այս պնդմանը, որ վերոնշյալ լրատվականները անտեղի ու անիմաստ կերպով փորձում են շահարկել Ծառուկյան ազգանունը, սակայն չեն էլ գիտակցում անգամ, որ այդկերպ ոչ թե վնասում են նրա վարկանիշին, այլ վնասում են սեփական՝ առանց այդ էլ զրոյի ձգտող ռեյտինգին, չէ որ ապատեղեկատվություն և պատվերով աշխատող լրատվականը, վաղ թե ուշ ենթարկվելու է կապիտուլացիայի, որը հենց նույն ընթարցողներն են իրականացնելու:
Հ.Գ. Տիկնայք և Պարոնայք, բոլորովին չի բացառվում, որ մի օր էլ ԱԱԾ-ն Ձեր խմբագրություն այցելի,այնպես,որ նախկին արատավոր բարքերը թողեք անցյալում, հակառակ դեպքում ոմանք ստիպված կլինեն ԱԱԾ-ի «պադվալին» մոտիկից ծանոթանալ,իսկ ոմանք էլ վերհիշել...