Որոշ լրատվամիջոցներ սկսել են փրփուրներից կախվել
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչև հանրությունը քննարկում է Մանվել Գրիգորյանի հայտնի դեպքը, որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ փորձում են պղտորված ջրում իրենց համար ձուկ որսալ։ Մասնավորապես նրանք իրենց համար նոր թեմա էին գտել՝ ի դեմս Կառավարության որոշմամբ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին տարկետում տալու մասով։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ բազկամարտում գրանցած հաջողությունների համար Նվեր Ծառուկյանին տարկետում էր տրամադրվել (վերջինս բազկամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է)։ Այս թեման անմիջապես դարձավ շահարկումների առարկա, չնայած այն հանգամնանքին, որ Նվեր Ծառոկյանը ուսանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և ունի օրենքով սահմանված տարկետում մինչև 2021 թվականը։
Ի դեպ հենց նույն օրը Գագիկ Ծառուկյանը դիմեց Կառավարությանը՝ կոչ անելով հանել իր որդուն տարկետում ստացածների ցանկից։ Թվում էր, թե այսքանով բոլոր շահարկումներին պետք է վերջ տրվեր։
Սակայն որոշ լրատվամիջոցներ որոշեցին թեման «բաց չթողնել», քանի որ նրանց գործունեության միակ իմաստը Ծառուկյանին փնովելն ու նրա անունը անհիմն շահարկելն է։ Օրինակ այսօր լրատվամիջոցներից մեկը գրել է, որ իբր այդ հարցին միջամտել է Նիկոլ Փաշինյանը և նրա միջամտության արդյունքում է Նվեր Ծառուկյանի անունը հանվել այդ ցանկից։
Լրատվամիջոցի նպատակը պարզ է․ սադրիչ նյութերով փորձել խաթարել Ծառուկյանի և Փաշինյանի միասնությունը՝ հընթացս նաև ցեխ շպրտելով Ծառուկյանի վրա։
Սակայն նման լրատվամիջոցների գործունեությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած ընթերցողի համար պարզ է, որ նման նյութերը չեն կարող խաթարել այն, ինչը ստեղծվել է համաժողովրդական շարժման արդյունքում։ Նմանատիպ լրատվամիջոցները տարիներ շարունակ իրենց թիրախում են պահում Գագիկ Ծառուկյանին, սակայն ապարդյուն, քանի որ Ծառուկյանը շարունակում է մնալ Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից մեկը։ Գիտակցելով դա՝ նրանք սկսել են արդեն փրփուրներից կախվել։
Ինչպես հայտնի խոսքն է ասում, շները հաչում են, իսկ քարավանը շարունակում է իր ճանապարհը։