Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին և Ալիևին. վարչապետը մանրամասնում է
Lragir.am-գրում է.
Ֆուտբոլի աշխարհի առաջնության Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, որտեղ նա ծանոթացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Փաշինյանը:
«Ֆուտբոլային հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք պարզապես ծանոթացանք։ Դա նույնպես տեղեկատվություն է, որ դուք պետք է իմանաք: Որևէ այլ խոսակցություն, բովանդակային շփում տեղի չունեցավ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ամփոփեց նաև Մոսկվա կատարած այցը՝ նշելով, որ շատ բարձր է գնահատում այն: «Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա և մնում է ընդամենը այդ պոտենցիալն իրականացնել և հարաբերությունների զարգացման վրա աշխատել»,- ասաց նա։
Վարչապետը կարևորեց հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ ընդգծելով, որ այն արտահայտում էր այն ոգևորության մթնոլորտը, որ առկա է ՌԴ հայ համայնքի անդամների մոտ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո:
Փաշինյանը խոսեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման մասին: «Ռուսաստանի վարչապետի հետ մեր առաջին հանդիպումն էր, սա ճանաչողական հանդիպում էր, որն անցավ ջերմ մթնոլորտում: Մենք քննարկել ենք հայ-ռուսական երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր։ Հայ-ռուսական հարաբերություններում շատ լավ տրամադրություն է հաստատված և փոխադարձ վստահության կարևոր մակարդակ կա, որը մենք անպայման կզարգացնենք»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: