Լուիզա Սարգսյան. «Անձնական վիրավորանքների դարաշրջանից արդեն դուրս ենք եկել և ժամանակն է լուրջ գործեր անելու»
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանի, վաղուց անցել են մամուլով իրար վրա ցեխ շպրտելու և այդպիսով կայանալու ժամանակները: Հիմա բամբասանքը որևէ մեկին չի հետաքրքրում: Հիմա փաստերով խոսելու ժամանակն է, սակայն կան լրատվամիջոցներ, որոնք դեռևս շարունակում են հին մեթոդներով աշխատել, առանց մտածելու, որ հրապարակված նյութից անգամ դժվար չէ կռահել, թե պատվերի ետևում իրականում ով է կանգնած:
«Իրեն հարգող լրատվամիջոցը չի կարող անընդհատ իր մեջ որևէ տեղեկություն չպարունակող, տարբեր մարդկանց հասցեին անձնական վիրավորանք պարունակող և վարկաբեկող նյութեր հրապարակել: Ինչ վերաբերում է պարոն Մելքումյանի մասին «Իրատես»-ում գրված նյութին, ապա ակնհայտ էր, որ այն պատվեր էր, և կարող եմ ասել, որ շատ վատ կատարված պատվեր էր: Իմ կարծիքով, լրագրողը նույնիսկ եթե պատվեր է կատարում, պետք է որոշակի սանդղակից ներքև չիջնի, սակայն այս դեպքում այն այնքան ցածր որակով էր իրականացված, որ նույնիսկ պատվիրատուի ականջներն էին պարզ երևում: Ես նյութը կարդալուց հասկացա, որ պատվիրատուն ժողովրդին քաջ հայտնի «Ֆլեշի Բարսեղն» է, բայց ինձ թվում էր, որ նմանօրինակ մարդիկ՝ օլիգարխներ, ովքեր տարիներ շարունակ թալանել են ժողովրդին, պետք է որ հիմա նման էժանագին պատվերներ չտային այս կամ այն լրատվամիջոցներին: Եվ եթե պետք է սկսեն մարդկանց կենսագրությունն ուսումնասիրել, ուրեմն պետք է լավ հիշեն, որ օլիգարխների մեջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք օլիգարխիկ ճանապարհը սկսել են դասախոս եղած ժամանակ: Այդպիսինները, լինելով կաշառակեր դասախոսներ, նախկինում եղել են թաքնված միլիոնատերներ, ապա հետագայում իրենց կաշառք վերցրած գումարները ներդրել են այս կամ այն բիզնեսի մեջ և դարձել են հայտնի օլիգարխներ»,- ասաց պատգամավորը:
Լ. Սարգսյանի կարծիքով, երկրում իրավիճակ է փոխվել, իսկ ժողովուրդը բավականին իրազեկված է բոլորի մասին, ուստի ավելի լավ կլինի, որ լրատվամիջոցները սկսեն իրենց պրոֆեսիոնալությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատել:
«Ժողովուրդն ամեն ինչ էլ գիտի և այլևս նման հրապարակումներին հեգնանքով և սարկազմով է վերաբերվում, քանի որ անձնական վիրավորանքների դարաշրջանից արդեն դուրս ենք եկել և ժամանակն է լուրջ գործեր անելու»,- ասաց Լ. Սարգսյանը: