Շնորհակալություն չենք հայտնելու, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել.Փաշինյանը՝ Աճեմյանին
Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ ստացվում է՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իշխանության կողմից վարած արտաքին քաղաքականությունը: Նա նշեց, թե երբ պաթոսն անցնի, Փաշինյանը պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է: Բացի այդ նա նաեւ արձանագրեց, որ կայացած քաղաքացական հասարակության, ազատ մամուլի եւ մյուս ժողովրդավարական կառույցների շնորհիվ է Փաշինյանը հաջողություն ունեցել:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ինքը շարունակում է պնդել, որ վտանգավոր է համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականությունում, քանի որ կա բազմաթիվ երկրների փորձը:
«Որեւէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկզբունքների համար պետք է շնորհակալ լինենք որեւէ մեկին, որովհետեւ մենք դա վաստակել են սեփական քրտինքի, տառապանքների, երեխաներից զրկելու գնով»,-ասաց նա:
Կարինե Աճեմյանը հարցրեց, թե համոզվա՞ծ է, որ այս բեռը կարող է տանել: Փաշինյանը նշեց, որ ինքը որեւէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչեւ վերջ:
«Որեւէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության մեջ այլ կերպ մտածելու»,-ասաց նա, ապա հավելեց, որ իրենք պարտավոր չեն իշխանություններին շնորհակալություն հայտնել.
«Այն, ինչ ունի ՀՀ ժողովուրդը, ունի իր շնորհիվ, այն տարածքը, որ ունի ՀՀ քաղաքացին, սանտիմետր առ սանտիմետր ազատագրել է ապօրինության ճիրաններից: Այդ ընթացքում զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, թող որեւէ ՀՀԿ-ական չակնկալի, որ մենք պիտի շնորհակալություն հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, որ բանտերում չեք թունավորել, որեւէ մեկը չակնկալի, որ մենք մեր հաղթանակի համար պետք է շնորհակալություն հայտնենք որեւէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք մեր ընտանիքներին, մեր երեխաներին զրկանքների ենթարկելով, տառապանքներով»,- ասաց նա: