Ամերիկացին մեկ օրում երկու անգամ վիճակախաղի հաղթող է դարձել` շահելով 300 հազար դոլար
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի բնակիչը մեկ օրում երկու անգամ դարձել է Palmetto Cash 5 վիճակախաղի հաղթող` շահելով 300 հազար դոլար:
UPI գործակալության հաղորդմամբ` տղամարդն ավելի քան 10 տարի պարբերաբար գնել է վիճակախաղի տոմսեր և տարբեր մարտավարություններ ու տարբերակներ փորձել, որոնք իբր բարձրացնում են հաղթանակի հավանականությունը:
Հունվարի 30-ին տղամարդը մեկնել է Դարլինգտոն քաղաք, որտեղ տարբեր խանութներում վիճակախաղի երկու տոմս է գնել: Նա նույն թվերն է նշել այդ տոմսերում և դրանցից մեկով վճարել շահման կրկնապատկումը:
Մի քանի օր անց տղամարդն իմացել է, որ ճիշտ է նշել բոլոր հինգ թվերը: Վիճակախաղի կանոնների համաձայն` դրա համար 100 հազար դոլար է հասնում, իսկ երկրորդ տոմսի շահման կրկնապատկումը վճարելու շնորհիվ նա ստացել է ևս 200 հազար դոլար: Այսպիսով՝ ընդհանուր շահումը կազմել է 300 հազար դոլար:
Ամերիկացին հայտնել է, որ շահած գումարի միջոցով ինքը ժամկետից շուտ կմարի վարկն ու կազատվի պարտքերից: Նա չի պլանավորում հրաժարվել իր հոբբիից և կշարունակի վիճակախաղի տոմսեր գնել: