Հրաժարականի դիմումի տրամաբանական շարունակությունը կուսակցության ղեկավարի պոստը լքելն է
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշում է, որ իրենք ցանկացած քննարկման համար բաց են և պատրաստվում են առանց որևէ նախապայմանի քննարկել առաջադրվող հարցերը։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրել է քաղաքական կոնսուլտացիաների, ինչը շատ կարևոր է․
«Մենք պատրաստ ենք բանակցելու: Բանակցելու ընթացքում կգանք ընդհանուր մոտեցումների: Այս իրավիճակից պետք է դուրս գանք առանց մեծ կորուստների: Մեր պայմանավորվածություններն այդպես են, ուրիշ նախապայմաններ չունենք: Որեւէ նախապայման չունենալ ասելով՝ նկատի ունենք, որ բանակցությունների գալիս ենք առանց պայմանների»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ պատգամավորը նշեց․ «Ակնհայտ էր մի բան, որ հանրության մի ստվար զանգված դեմ էր նրա վարչապետ լինելուն, որպեսզի խուսափի հետագա զարգացումներից, հրաժարական է տվել: Ես սա գնահատում եմ պատասխանատու քայլ»,- ասաց նա։
Խոսրով Հարությունյանը տրամաբանական քայլ որակեց նաև Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի ղեկավարից հրաժարվելու հնարավոր քայլը․ «ես կարծում եմ՝ այս հրաժարականի տրամաբանական շարունակությունն է լինելու»,-ասաց նա։