Բագրատ Ասատրյան. «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շարժման ամենաակտիվ օրերին, երբ փողոց դուրս եկած մարդկանց թիվը մեծաքանակ էր, իսկ ինքնակազմակերպումն էլ՝ զարմացնող, սկսվեց տարածվել այն միտքը, թե այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, կարող է անդրադառնալ նաև զբոսաշրջիկների այցելությունների թվի վրա:
Եվ այսօր էլ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկին չէր մոռացել անդրադառնալ նաև այդ կետին: Կարապետյանը մասնավորապես ասել էր. «Թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Սա էր իմ անհանգստությունը, որը ես ուզում եմ հղել: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ՝ ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը: Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական իրավիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու: Մենք առաջին երեք ամիսներին ունեինք 10,6% տնտեսական աճ և լավ թրենդի վրա էինք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիների մեծ մասը կսկսի զգալ»:
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով այս խոսակցություններին, նշեց, թե մեկ օրում ոչինչ չի փոխվում, ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը:
«10 տարվա ընթացքում չորացրել են ներդրումները, երկիրը տնտեսական կռախի առաջ են կանգնեցրել, հիմա ասում են մեկ օրում բան է լինելու, մի քիչ լուրջ բաներ ասեն: 10 տարվա ցուցանիշները բերվել են, բացի կոռուպցիայից, որ զարգանում է, բացի աղքատությունից, որ աճում է, դրական 1–2 ցուցանիշ կա միայն: Այո, ավանդներն էլ են աճել, Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասել: Բայց մնացածը բացասական է եղել: Հիմա մարդիկ ասում են, որ պետք է 10 տարվա բացասականը վերացնել, և այն ուժը, որ այսպիսի արդյունք է ապահովել, պետք է հեռանա, որպեսզի ոչ մի վատ բան չլինի:
Մեկ օր մի զբոսաշրջիկ ավել կլինի, մի օր՝ պակաս: Իմ կարծիքով, հիմա ավելի շատ թվով մարդիկ կգան, որովհետև սա շատ հետաքրքիր երևույթ է: Գան, տեսնեն այն ցնծությունը, որ եղել է փողոցում: Շատ ավելի լուրջ անհանգստություններ կան, եղել են, բայց այս իշխանությունը, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցությունը, իրենց գումարած իրենց ծոցը դրած Դաշնակցությունը ուղղակի կույր են, չեն նկատում այդ խնդիրները: Եկել են, զբոսաշրջիկի մասին են խոսում: Այդ ամենն անլուրջ է»,– նշեց նա:
Ասատրյանը նաև շեշտեց, որ այսօր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի կարողանում տեսնել այն կետերը, որտեղ և լուծում է առաջարկում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում