Ալավերդիում ծծմբի երկօքսիդի քանակը 3 անգամ գերազանցում է նորման. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, փետրվար ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1131 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1436 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի, համապատասխանաբար՝ 19 հազար 858 և 9 հազար 605 դիտարկում:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքի հրապարակումից: Համաձայն ուսումնասիրության՝ դիտակետեր ունեցող 11 քաղաքներից վիճակը նորմայի սահմաններից դուրս է Լոռու մարզի, Ալավերդի և Վանաձոր քաղաքներում, որտեղ ընդհանուր փոշու և ծծմբի երկօքսիդի ցուցանիշները նորմայից բարձր են: Վանաձորում փոշու և ծծմբի երկօքսիդի ցուցանիշները գերազանցել են նորման համապատասխանաբար 1,7 և 1,5 անգամ, իսկ Ալավերդիում՝ 2,9 և 2,2 անգամ:
Վանաձորում նորմայի սահմաններում են գտնվել միայն ազոտի երկօքսիդի ցուցանիշները, իսկ Ալավերդիում՝ ազոտի օքսիդի և ածխածնի մոնօքսիդի ցուցանիշները:
Փետրվարին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 14 գետերի և Երևանյան լճի 32 դիտակետերում: Վերցված 32 փորձանմուշներում որոշվել է 50–ական ցուցանիշ: Օրինակ՝ Փամբակում հայտնաբերվել է ֆոսֆատ, անօրգանական ազոտ, Դեբեդում՝ ալյումին, երկաթ, մոլիբդեն, Հրազդանում՝ մանգան, կոբալտ, բարիում և այլն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում