«Չխփես, մերոնք են». կատակում են ապրիլյանի հերոսները
Ապրիլյան պատերազմի հերոսներ, կես ժամում հակառակորդի 3-ական տանկ խոցած Շուլի Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, ադրբեջանական Մի-8 ուղղաթիռը ոչնչացրած Գեւորգ Մանուկյանը Երեւանում միասին են բնակվում: Հաշվի առնելով տանկ ու ուղղաթիռ խոցելու նրանց բացառիկ ունակությունը՝ նրանց ընկերները կատակներ են անում դրա շուրջ: Շուլի Հակոբյանը պատմեց, որ երբեմն օդանավակայանից ուղղաթիռները փորձնական թռիչքներ են իրականացնում, որն իրենց բնակարանից երեւում է. «Հենց տեսնում էինք, որ ուղղաթիռ է երեւում, զանգում էինք Գեւորգին ու կատակում, ասում էինք՝ հանկարծ չխփես, մերոնք են»: Իսկ Շուլի Հակոբյանը մի անգամ հեռվից երկար նայել է աթոռին նստած Ռաֆայելին, վերջինս ընկել է ու կատակով բողոքել. «Կարո՞ղ ա գիտես տանկ եմ»: Ապրիլյան պատերազմի հերոս Հարություն Բադալյանն էլ պատմում է, որ երբ իրենց դիրքը ականանետներով ռմբակոծում էին, կացարանի դիմաց մի մեծ ականանետ է ընկել ու անակնկալի բերել զինվորներից մեկին, որը ինքնաբերաբար աղջկա ձայնով սկսել է գոռալ. «Ամբողջ դիրքը մոռացավ ականանետների մասին ու սկսեց հրճվել»: