Իսրայելցի նախարարը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Էրդանը Էրդողանին անվանել է «հակասեմիտ, ով շարունակում է աջակցել Համասին», հաղորդում է The Jerusalem Post–ը:
Նախարարը նշել է, որ «Իսրայելը հավանաբար պետք է քայլեր ձեռնարկեր Թուրքիայի դեմ միջազգային ասպարեզում և ճանաչեր Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը »:
Էրդանն ընդգծել է, որ Իսրայելը պետք է ողջ աշխարհին ներկայացնի թուրքական արժեքները, այդ թվում նաև՝ հայերի սպանության ճանաչումը: «Մենք պետք է դիմադրենք Էրդողանի թշնամանքին և հակասեմիտիզմին: Ինչ–որ տարօրինակ բան է տեղի ունենում, երբ Թուրքիայի նման երկիրը սպանում է քրդերին և գրավում է հյուսիսային Կիպրոսը, իսկ Արևմուտքում օրինական պետություն է համարվում»,– news.am–ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Էրդողանը դատապարտել էր Թել Ավիվի գործողությունները Գազայի հատվածի հետ սահմանին և Իսրայելին «ահաբեկչական պետություն ու օկուպանտ» էր անվանել, իսկ Նեթանյահուին՝ «ահաբեկիչ»:
Ավելի վաղ՝ ապրիլի 1–ին, Նեթանյահուն մերժել էր Անկարայի կողմից Իսրայելի բանակի գործողությունների վերաբերյալ քննադատությունը: Հիշեցնենք, որ մարտի 30–ին Գազայի հատվածի հետ սահմանին ցուցարարների և իսրայելական բանակի ու ոստիկանության բախման հետևանքով 16 պաղեստինցի էր սպանվել: Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իսրայելի պաշտպանական բանակը խրատներ չի լսելու նրանցից, ովքեր տարիներ շարունակ առանց տարբերելու ռմբակոծում են խաղաղ բնակչությանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում