Նաիրա Զոհրաբյան. «Չեմ կարծում, թե շատ բան կարող է փոխվել, քանի դեռ Հանրապետականն ունի քաղաքական մեծամասնություն». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հոդվածում նշել էր, որ իշխանությունը պետք է իրենց զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, ՍԴ ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, ԲԴԽ 5 անդամներից 2–ին նշանակելու քաղաքական իրավունքը և այլն: Ըստ Մարուքյանի՝ «Ելք» դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։
«Փաստ» օրաթերթը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից փորձեց ճշտել՝ իրենք բավարա՞ր են համարում վերահսկողական այն գործիքակազմը, որն ունի այսօր խորհրդարանական ընդդիմությունը: Տիկին Զոհրաբյանը նշեց. «Իհարկե չի բավարարում, բայց այն, ինչ պահանջում է իմ գործընկեր Էդմոն Մարուքյանը, նախատեսված չէ Սահմանադրությամբ: Դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ: Անգամ, եթե ընդդիմությանը տրվեն նշված լծակները, ես չեմ կարծում, որ շատ բան կարող է փոխվել, քանի դեռ Հանրապետականն ունի քաղաքական մեծամասնություն: Դու ոչինչ չես կարող անել, եթե ՀՀԿ–ն ունի քաղաքական մեծամասնություն և ցանկացած նախաձեռնություն կարող է տապալել: Մեր խնդիրը չպետք է լինի մեկ կամ երկու լծակ ունենալու համար պայքարելը: Պետք է հասնենք նրան, որ մեր երկրում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, որպեսզի որևէ քաղաքական ուժ չօգտագործի վարչական և ֆինանսական ռեսուրսը և չունենա տոտալ մեծամասնություն:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայքարին՝ մեր զրուցակիցն ասաց. «Հիմա, երբ նրանք շարժում են սկսել, ես ինձ իրավունք չեմ վերապահում հնչեցնել անձնական գնահատական: Մեր կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել: Այլ հարց՝ ես ինքս հավատո՞ւմ եմ պայքարի հաջողությանը, թե ոչ»: Նկատի ունենալով նախորդ տարվա ԱԺ ընտրությունները՝ Զոհրաբյանը կարծում է, որ լեգիտիմ իշխանափոխության հնարավորություն եղել է, բայց հանրությունն այն բաց է թողել: «Այն փորձը, որը մենք ունեցել ենք անկախությունից ի վեր, ցավոք սրտի, չի վկայում ընդդիմության հաղթանակների մասին: Այն հարցին, թե կարո՞ղ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինել լուծում, ես կպատասխանեմ հակընդդեմ հարցով՝ մենք վստա՞հ ենք, որ հանրությունը, ենթարկվելով վարչական և ֆինանսական ազդեցություններին, նորից չի ընտրի նույն կուսակցությանը: Այս խնդիրները պետք է հաշվի առնի ցանկացած ընդդիմադիր ուժ»,– ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում