ՌԱԿ մամլո դիվանը հայտարարություն է տարածել
Ռամկավար Ազատական կուսակցության կողմից տարածած հայտարարությունը:
«Այսօր երեկոյան էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների կողմից, ինչպես միշտ՝ առանց ստուգելու տեղեկատվության աղբյուրի օրինականությունը, տարածվեց Ռամկավար Ազատական կուսակցության անունով հանդես եկող մի խմբակի հայտարարությունն այն մասին, թե իբր սփյուռքի ՌԱԿ-ը դեմ է եւ չի լիազորում ՌԱԿ հայաստանյան կառույցի մասնակցությանը ընտրություններին։
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը հարկ է համարում հայտարարել, որ հիշյալ խմբակը, ընդդիմադիր եւ ինքնակոչ մի կառույց, չի կարող հանդես գալ ՀՀ Սահմանադրության, ՀՀ կուսակցությունների մասին օրենքի եւ ՌԱԿ կանոնադրության համապատասխան գրանցված եւ գործող ավանդական կուսակցության անունից, բացառապես որի իրավասության ներքո է գտնվում մասնակցել ՀՀ համապետական ընտրություններին, որի համար նա ոչ մի պարտավորություն չի կրում իր դիրքորոշումներն ու քայլերը համաձայնեցնել արտաքին որեւէ կառույցի, այս պարագայում՝ վերոհիշյալ խմբակի հետ։
Այդ խմբակը, Երեւանից հեռակառավարվող ցուցումներով փաստորեն փորձում է միջամուխ լինել Հայաստանի ներքին գործերին։
Հայտնում ենք, որ վերոհիշյալ խմբակը, որը ոչ մի պետության եւ միջազգային ոչ մի կազմակերպության կողմից ճանաչված չէ, այսպիսով փորձում է ուղղորդել եւ կոպտորեն խախտել ՀՀ օրինականությունը։
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ ՌԱԿ սփյուռքի բոլոր ազդեցիկ կառույցներն ու անձնավորությունները բարոյապես, շեշտում ենք՝ բարոյապես, կողմ են արտահայտվել Հայաստանում ՌԱԿ դիրքորոշումների վերաբերյալ, ի մասնավորի՝ «Ծառուկյան» դաշինքին նրա մաս կազմելուն, որի կապակցությամբ հայտարարություններն ու հաղորդագրությունները ՌԱԿ Կենտրոնական վարչությունը ստացել է եւ կհրապարակի առաջիկայում»։