Սերժանտ Կարեն Ներսիսյան. Լելե-Թեփե բարձրունքում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը
Մեր ժամանակների հերոս սերժանտ Կարեն Ներսիսյան. 2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում ծառայակիցների հետ պաշտպանել է Արցախի Ջաբրայիլի մարտական դիրքը: Կարենը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլում: Հայտնի Լալալայկա՝ Լելե-Թեփե բարձրունքում գտնվող 112-րդ մարտական դիրքի ավագ՝ Ադամ Սահակյանի օգնականն էր։
Կարեն Ներսիսյանը ապրիլի 1-ին բարձրացել էր դիրքեր եւ նույն օրվա գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում, տեղի է ունեցել հարձակումը։ Սերժանտ Կարեն Ներսիսյանը 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների:
Կարեն Ներսիսյանը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին Կոտայքի մարզի՝ Բջնի քաղաքում։ 2003 թվականից սովորել է Բջնիի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին:
Նույն տարի ընդունվել է Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։ Զբաղվել է սպորտով, հաճախել համակարգչային ուսուցման կենտրոն:
Կարեն Ներսիսյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015/1 զորակոչով Չարենցավանի Զինկոմիսարիատից։ 2015 թվականի հուլիսի 11-ին զորակոչվել է բանակ։ Ծառայում էր Արցախում։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտի կոչում։ Եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր մեկ տարի:
Ապրիլյան պատերազմում զոհված զինվորներին նվիրված «Նահատակաց փաղանգ, մեզ բացակա չդնեք» ռեպորտաժների շարքում Կարեն Ներսիսյանի մասին ռեպորտաժում մայրը՝ Գայանե Ներսիսյանը, ասել էր, որ տղան կյանքը վայելող, կյանքը սիրող կյանքով լեցուն էր, եւ սիրում էր օգտվել կյանքի ամենալավ բաներից, կարծես թե, գիտակցելով, որ կյանքն իր կարճ էր։
Ծառայության մեկնելուց առաջ Կարենն իր վզնոցը մորն էր տվել, որ հետ գա ու արդեն խաչով կրի այն: Որդու զոհվելուց հետո տիկին Գայանեն այն իր վզից է կախել, իսկ խաչի փոխարեն որդու նկարն է:
2016 թվականի ապրիլի 16-ին Կարեն Ներսիսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Կարեն Ներսիսյանը Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:
Բջնի գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի դասարանը 2016 թվականից կրում է ապրիլյան հերոս Կարեն Ներսիսյանի անունը: