Կեմերովոյի հրդեհի հետևանքով ընտանիքը կորցրած տղամարդը պատմել է՝ ով է փակել կինոդահլիճի դռները (տեսանյութ)
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում օրերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով իր ընտանիքը՝ կնոջը, երեք երեխաներին ու քրոջը կորցրած Իգոր Վոստրիկովը տեսանյութ է հրապարակել «ВКонтакте»սոցցանցում, որում պատմել է՝ ինչ է տեսել տեսահսկման համակարգի տեսանյութերում:
Վոստրիկովի խոսքով՝ տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է մի տղամարդ փակում կինոդահլիճներից մեկի դռներն ու անցքերը:
«Ինչ-որ տղամարդ որոշեց կողպել դուռը, փակել անցքերն ու սպասել փրկարարներին, սակայն փրկարարները չժամանեցին: Արդյունքում, որքան գիտեմ, նա դուրս եկավ, ու նրան փրկեցին»,- պատմել է նա:
Ըստ նրա՝ տեսանյութերից դատելով՝ սկզբում բոլոր կինոդահլիճների դռները բաց են եղել, և մարդիկ կարողացել են դուրս գալ։
Նա կատարվածի համար մեղադրել է և՛ մարզային իշխանություններին, և՛ հրշեջ-փրկարարներին։
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ողբերգական դեպքից հետո ՌԴ Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը Վոստրիկովին, որը հրդեհի հետևանքով կորցրել է իր ամբողջ ընտանիքը, մեղադրել էր «դժբախտության հաշվին փիար անելու» համար: