Հրանտը երբեք չի հոգնեցնում. նա մարդ-տոն է, մեր աղջիկն էլ մեծանում է համերաշխության մթնոլորտում. Լուիզա Ներսիսյան
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Պապիկ 007» ֆիլմերից հայտնի դերասանուհի, Երեւանի կամերային թատրոնի արտիստուհի Լուիզա Ներսիսյանի հետ։
-Լուիզա՛, Կամերային թատրանում Ձեր մասնակցությամբ «Սև արկղ» ներկայացման բեմադրությունն էր։ Ինչո՞վ է այն առանձնանում։
-Թատրոնում անընդհատ պրպտումների մեջ եմ, «Սև արկղը» բեմադրական այնպիսի փուլում է, երբ ամեն անգամ հանդիսատեսի հետ դրա մեջ նոր բան ենք գտնում եւ հաճույք ստանում։ Հանդիսատեսը շատ մոտ է նստած, և դու ակամայից ֆիլմային էֆեկտով ես խաղում, քանի որ աշխատում են մոնիտորներ, որոնք խոշոր պլան են ապահովում։ Եթե այլ ներկայացումների դեպքում կարող ես էմոցիաներդ հանդիսատեսի հետ հեռվից կիսել, այստեղ արդեն փախչելու տեղ չունես։ «Սև արկղը» ֆիլմ-ներկայացման միքս տարբերակ է, որի շրջանակում հանդիսատեսը ներկա է գտնվում ընկերների հավաքույթի, և ինչ էմոցիաներ որ մենք ապրում ենք, նույնն ինքն է ապրում։
-Մի առիթով նշել եք, որ Հրանտ Թոխատյանը Ձեր կուռքն էր, որը հետո դարձավ Ձեր ամուսինը: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին։
-Երբ մեր բնագավառում առաջին քայլերդ ես անում, քեզ համար ձևավորում ես որոշակի թիմեր, որոնց աշխատանքին սկսում ես նախանձախնդրությամբ հետևել, ձգտում ես, որ դու էլ հայտնվես տվյալ միջավայրում։ Այդպիսի մի թիմ էլ ձևավորվել էր «Խաթաբալադա» ներկայացման շուրջ։ Ներկայացումն ինչքան խաղացել են, այդքան դիտել եմ՝ աստիճաններին նստած, որպես ուսանող։ Այդ ոճը, ժանրն ինձ այնքան էր գրավել, որ ենթագիտակցաբար քայլերս ուղղեցի Կամերային թատրոն, որտեղ էլ սկիզբ է առել ժանրը։
Ինչ վերաբերում է Հրանտ Թոխատյան երևույթին, ասեմ, որ նա ինձ համար շատ հետաքրքիր մարդ է, անհատ, որից անընդհատ սովորելու բան ունես։ Շատ կարեւոր է այն, որ նա երբեք չի հոգնեցնում։ Երկար տարիներ կենցաղ կիսելուց հետո ժամանակն էր, որ ինչ-ինչ թերացումներ, նյարդայնացնող որևէ բան նկատեի, բայց, ի ուրախություն ինձ, պետք է ասեմ, որ նման բաներ չեմ նկատել։ Հրանտն իր տեսակով մարդ-տոն է, որն ամեն առավոտ լույս է պարգևում իր ընտանիքին։ Մենք էլ ձգվում ենք դեպի այդ լույսը, և այդ մթնոլորտում, համերաշխության մեջ էլ մեծանում է մեր աղջիկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում