Ստուգման ենթարկված 24 հաց արտադրող սուբյեկտներից 21-ի մոտ լուրջ խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաեւ առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել հացի շուկայում:
Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին եւ կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:
Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում և մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ և ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը և փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն:
Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ և էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի 827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից: