Գուսան Հայկազուն. ««Հաց բերողի» մահը ղեկավարները չեն մարսելու, անգամ՝ էն աշխարհում». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սրանից մեկ տարի առաջ՝ 2017 թ. մարտի 16–ին մահացավ «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»: Նա մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում, սրտանոթային սուր անբավարարության պատճառով:
Արթուր Սարգսյանին քիչ թե շատ ճանաչած մարդիկ նրա մասին միայն լուսավորն են հիշում: Բոլորիս սրտում նա մեծ հետք թողեց իր ինքնազոհողությամբ, իր վսեմ քայլով:
Երգահան Գուսան Հայկազունը՝ հիշելով նախորդ տարվա իրադարձությունները և պատասխանելով «Փաստ»–ի այն հարցին, թե անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունները, հասարակությունը հասկացե՞լ են նրա իքնազոհողության գնալու պատճառները, կամ երկրի ղեկավարները գիտակցե՞լ են, որ սխալ են վարվել՝ կկտանքների ենթարկելով նրան ու, ի վերջո, մահվան դուռը հասցնելով, պատասխանեց.
«Մենք միշտ ցավ ենք ապրում, դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը, Սումգայիթը: Սա դրան համազոր մի բան էր՝ արված մեր կողմից: Սա մեր ազգի, պետության ամոթն է ու խայտառակությունը: Այն անողները՝ կառավարությունը, իշխանությունը, ո՞նց են, էլի, քնում, ո՞նց: Չեմ կարծում, թե փոշմանել են: Երևի իրենց պետք էր, որ ցույց տան, թե ինչ ուզեն ու ոնց ուզեն՝ կարող են անել: Նույն բաները հիմա կրկնվում են, «Հաց բերող» չի, տղաներն են, էն մյուսն է: Ցավալի է շատ: Ամեն ինչ կարող են մարսել մեր ղեկավարները, բայց այս մեկը, վայ թե, չկարողանան մարսել, անգամ՝ էն աշխարհում չմարսեն»,– ասաց երգահանը:
«Հաց բերողի» հիշատակին նվիրված հավաք է լինելու քաղաքում, որին կմասնակցի նաև Գուսան Հայկազունը: Ասում է՝ ինքը բոլորին էլ մասնակցում է, անգամ նրանց, որոնց դեմ է: Գնում է, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում, քանի որ չի կարող տանը նստել, երբ հազար հոգի դուրս են գալիս ու ինչ–որ բանից բողոքում: Նա պետք է հետները լինի, կողքից տեսնի՝ ինչ է կատարվում:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 26–ին, առավոտյան 07:00–ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը շրջապատած ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող զինված խմբի անդամներին։ Հուլիսի 31–ին զինված խմբի կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3–րդ մասով (ապօրինի զենք–զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Օգոստոսի 5–ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։ 2016 թ. դեկտեմբերի 30–ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, իսկ 2017 թ. փետրվարի 9–ին կրկին ձերբակալվեց։ Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում