Մարտի 1–ը մեր ամոթն է, չի կարելի այն վերածել հուշարձանի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունն առաջարկում է մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել Երևանի Մյասնիկյանի արձանի ետնամասում:
Նախատեսվում է հարցը քննարկել մարտի 19–ին կայանալիք ավագանու նիստում, բայց հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար այն ամոթի սիմվոլի վերածելն ու ի ցույց դնելը ողջ աշխարհին:
Իրականում այդ օրը բազմաթիվ մարդկանց համար սեփական ընտանիքի ողբերգության օրը դարձավ և չի կարելի մարդկանց ցավը դարձնել շահարկման առարկա: Այն, որ պետք է բացահայտվեն մարտի 1–ի ողբերգության բոլոր մեղավորները՝ կազմակերպիչներից մինչև հրաման տվողներ, միանշանակ է, սակայն չի կարելի ուրիշի վերքի վրա աղ լցնելով, սեփական քաղաքական օրակարգն իրացնել ու ողբերգությունն օգտագործելով քաղաքական դաշտում կայանալու փորձեր անել:
Մարտի 1–ը մեր ամոթն է, պետության ամոթը: Չի կարելի այն հուշարձանի տեսքով աշխարհին ի ցույց դնել, թե տեսեք՝ ինչպես ենք ինքներս մեզ ոչնչացնում:
Ի դեպ, հետաքրքիր է, թե քաղաքական գործիչներն, ովքեր ամեն անգամ պատեհ կամ անպատեհ առիթով փորձում են շահարկել մարտի 1–ը, ողբերգական դեպքերի պատճառով զոհվածների շիրիմներին ու նրանց ընտանիքներին ընդհանրապես այցելո՞ւմ են, թե՝ ոչ: Չէ՞ որ զոհվածներն առաջին հերթին քաղաքական պայքարի զոհեր են: Եվ այսօր նրանց արյունը շահարկելն ու քաղաքի կենտրոնում նրանց հիշատակը հավերժացնող արձան տեղադրելն ավելի շատ զոհվածների ու նրանց հարազատների հանդեպ քամահրական վերաբերմունքի արտահայտություն կարող է ընկալվել:
Արմինե Գրիգորյան
Հ.Գ. Ի դեպ, mamul.am կայքը փորձել է հարցման միջոցով պարզել, թե երևանցիները նման հուշարձան տեղադրելու վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ հարցմանը մասնակցած 3621 քաղաքացիների 81%–ը դեմ է արտահայտվել, իսկ 19%–ը՝ կողմ: Այսինքն, երևանցիների ստվար մասը նույնպես դեմ են գաղափարին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում