ՏԻՄ ընտրությունների պայքարում մենակ մնացած բոլոր թեկնածուներն էլ ընտրվել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են կայացել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:
Նշված 20 համայնքներից 4–ում տեղի են ունցել միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Առավոտյան ժամը 8:00–ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվել են 37 տեխնիկական սարքավորումներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ համայնքների մեծամասնությունը ունեցել է համայնքի ղեկավարի միայն մեկ թեկնածու, որոնք բոլորն էլ ընտրվել են գյուղապետի պաշտոնում:
Կոտայքի մարզի Հացավան համայնքում միակ թեկնածու ԲՀԿ–ական Շավարշ Սարգսյանի օգտին կողմ էր քվեարկել 169 համագյուղացի, իսկ դեմ՝ ընդամենը 3: Երեք հոգի դեմ է եղել միակ թեկնածուի ընտրվելուն նաև Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 130 հոգուց կիրակի օրը ընտրատեղամաս է այցելել միայն 41 ընտրող, որից ՀՀԿ–ական, գործող համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանի օգտին կողմ է քվեարկել 35 հոգի:
Արարատ մարզի համայնքներից ուշագրավ է Սայաթ–Նովա համայնքը, որտեղ 1781 ընտրողից ընտրությանն է մասնակցել կեսից էլ պակասը՝ 794 հոգի, որոնցից միակ թեկնածու ԲՀԿ–ական Ռազմիկ Ալավերդյանի օգտին քվեարկել է 543 համագյուղացի, դեմ՝ 200, իսկ 51 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:
Միակ թեկնածուի ընտրվելուն դեմ են եղել նաև մարզի Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Սիս ու Խաչփար համայնքներում:
Դարբնիկում ընտրելու իրավունք ունեցել է 1102 հոգի, սակայն մասնակցել է գրեթե ուղիղ կեսը՝ 576 քաղաքացի, որից գործող գյուղապետ, Հանրապետական Դավիթ Գզիրյանի օգտին քվեարկել է 549 հոգի, իսկ դեմ՝ 14, անվավեր է ճանաչվել 13 քվեաթերթիկ:
Զորակում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է 600 մարդ, Մանուկ Մալոյանը վերընտրվել է 561 ձայնով, դեմ է եղել 31 համագյուղացի:
Խաչփարում ու Հայանիստում էլ ՀՀԿ–ականներ Ղազար Մարտիրոսյանին ու Բալաբեկ Սարկիսյանին կողմ են քվեարկել համապատասխանաբար 819 և 635 հոգի, իսկ դեմ՝ 28 և 22 հոգի: Սիս համայնքում կիրակի օրը ընտրության գնացած 461 հոգուց 40–ը դեմ են եղել գործող համայնքապետ, Հանրապետական Արմեն Եղյանի ընրվելուն: Անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկ:
Մեկից ավելի թեկնածուներ եղել են Արարատի մարզի Նորամարգ և Լոռու մարզի Դեբետ համայնքներում: Նորամարգում հաղթել է ուսուցիչ, ՀՀԿ–ական Արման Թադևոսյանը, ում իր ձայնն էր տվել 391 համագյուղացի: Ընդամենը 9 ձայնով նրան պարտվել է կրկին ՀՀԿ–ական Արմեն Գևորգյանը, ում օգտին հաշվարկված քվեաթերթիկների քանակը կազմել է 382: Երրորդ թեկնածու, անկուսակցական Արսեն Ղահրամանյանի օգտին էլ եղել է 182 ձայն: 1606 ընտրող ունեցող համայնքում ընտրություններին մասնակցել է 989–ը, քվեաթերթիկներից 33–ը անվավեր է ճանաչվել:
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում էլ Էդվարդ Միրզոյանի համայնքապետ լինելուն դեմ է եղել միայն մեկ քաղաքացի, ընտրությանը մասնակցած 321 քաղաքացուց 315–ի քվեարկությամբ ՀՀԿ–ական թեկնածուն ընտրվել է համայնքի ղեկավար:
Լոռու մարզի 655 ընտրող ունեցող Դեբետ համայնքում ընտրություններին ներկայացել է 487–ը: Այս համայնքի ընտրատեղամասում անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ, իսկ ընտրություններում ընդամենը 19 ձայնի տարբերությամբ համայնքի ղեկավար է դարձել անկուսակցական Աշոտ Ղազարյանը: Նրա օգտին է քվեարկել 153 դեբետցի, դպրոցի ուսուցիչ Կամո Պետրոսյանն էլ ստացել է 134 ձայն: Մյուս երկու թեկնածուները՝ ԲՀԿ–ական Յուրիկ Նազլուխանյանն ու դաշնակցական Արայիկ Սարգսյանը ստացել են համապատասխանաբար՝ 86 և 107 ձայն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում